Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն ասելով հասկանում ենք մարդու կենտրոնացում, խոսքի ընկալում: Ուշադրության տեսակներն են՝

  1. արտաքին
  2. ներքին
  3. կամածին
  4. ոչ կամածին
  5. հետկամածին

Արտաքին ուշադրությունը այն է, երբ մարդու ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները։
Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը։ Կամածին ուշադրությունը ուշադրության այն տեսակը, որը ստեղծվում է գիտակցորեն և կամային ջանքերի օգնությամբ, կոչվում է կամածին կամ կանխամտածված ուշադրություն։ Կամածին ուշադրության վրա ազդեցություն են գործում նաև անձի նախկին փորձն ու գիտելիքները, նրա հետաքրքրություններն ու զգացմունքները, սոցիալական և այլ դիրքորոշումները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նպատակադրումը, որը և, ի վերջո, հանգեցնում է նպատակի իրագործմանն ուղղված գործունեության վրա ուշադրության կամածին կենտրոնացմանը, անձի բնորոշ գծերի և մոտիվացիայի դրսևորում է։
Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող հետաքրքրական գործոն է նաև մարդու կենսափորձը՝ սովորությունները, գիտելիքները, մասնագիտական հետաքրքրությունները, ուղղվածությունը։
Հետկամածին ուշադրությունը ունի այնպիսի գծեր, որոնց մի մասը հատուկ է կամածին ուշադրությանը, իսկ մյուս մասը՝ ոչ կամածին ուշադրությանը։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն չի համընկնում դրանցից որևէ մեկի հետ։Ի տարբերություն ոչ կամածին ուշադրության՝ հետկամածին ուշադրությունը կապված է գիտակցական նպատակների և հետաքրքրությունների հետ և, ի տարբերություն կամածին ուշադրության, նրանում բացակայում են կամածին ճիգերը։

Հիշողությունը անհատի կողմից իր նախկին փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրությունն է: Այն հոգեկան արտացոլման բարդագույն ձևերից է և նրա ոչ միայն նկարագրումը, այլ նաև բացատրությունը ժամանակագրական առումով ամենահինն են համարվում հոգեկան այլ պրոցեսների ուսումնասիրությունների հետ համեմատած:

Հիշողությունը որպես ճանաչողական պրոցես մասնակցում է մարդու կյանքին և գործունեությանը, և նրա տեսակների դասակարգումը պետք է անպայման կապված լինի դրանց հետ և պայմանավորված լինի դրանցով: Ըստ այդմ հիշողության բոլոր տեսակները առանձնացվում են երեք հիմնական չափանիշների հիման վրա.
ըստ գործունեության մեջ գերակշռող հոգեկան ակտիվության բնույթի հիշողությունը լինում է՝

  1. շարժողական
  2. հուզական
  3. պատկերավոր
  4. բառատրամաբանական
  1. Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և նրանց համակարգերի մտապահումը, պահպանումը և վերարտադրությունն է: Այս տեսակը ոմանց մոտ շատ է զարգացած: Այն հսկայական նշանակություն ունի գործնական և աշխատանքային հմտությունների ձևավորման և զարգացման համար: Առանց շարժողական հիշողության մենք ստիպված կլինեինք նույն հմտությունը, շարժումը ամեն անգամ սովորել: Սրա ցուցանիշներն են ճարպկությունը, աշխատանքային ընդունակությունների առկայությունը, «ոսկե ձեռքերը»:
  2. Հուզական հիշողությունը զգացմունքները հիշելու ընդունակությունն է: Հույզերը մեր գործունեության մեջ կարգավորիչ դեր ունեն և ազդանշան են տալիս մեզ, թե ինչպես վարվենք տվյալ իրադրության պայմաններում: Նրանք մեզ մղում են տվյալ գործունեությունը իրականացնելու կամ էլ ետ են պահում մեզ նրանից, այդ պատճառով այս տեսակը ևս շատ կարևոր է մարդու համար: Հուզական հիշողությունը կարող է մնացած տեսակներից ավելի ուժեղ լինել: Ապրված հույզից մնում է տպավորությունը, զգացմունքը, որոնք սակայն առարկայազուրկ չեն:
  3. Պատկերավոր հիշողությունը մտապատկերները, բնության և կյանքի պատկերները, ձայները, հոտերը, համը առարկայորեն հիշելու կարողությունն է: Այն լինում է տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի և ճաշակելիքի: Եթե տեսողական և լսողական տեսակները որոշ չափով զարգացած են բոլոր նորմալ մարդկանց մոտ, ապա մյուս երեքին կարելի է անվանել հիշողության մասնագիտական տեսակներ: Պատկերավոր հիշողության տեսակները առանձին ձևով զարգացած են լինում նաև այն դեպքում, երբ պետք է փոխհատուցեն այլ տեսակների բացակայությունը կամ թերզարգացվածությունը: Պատկերավոր հիշողությունը լավ զարգացած է լինում հատկապես գեղարվեստական մասնագետների մոտ, որոնք առավել աչքի են ընկնում էյդետիկական հիշողության գերակայությամբ:
  4. Բառատրամաբանական հիշողության բովանդակությունը մեր մտքերն են: Ինչպես գիտենք, միտքը առանց լեզվի գոյություն ունենալ չի կարող, այդ պատճառով այս տեսակը կոչվում է բառային-տրամաբանական: Մտքերի վերարտադրությունը կարելի է կողմնորոշել կամ դեպի նյութի հիմնական մտքի հաղորդումը կամ բառացի ձևակերպումը, և եթե վերջինիս դեպքում նյութը իմաստային մշակման չի ենթարկվում, ապա նրա յուրացումը ոչ թե տրամաբանական, այլ` մեխանիկական մտապահում է: Բառատրամաբանական հիշողության մեջ գլխավոր դերը պատկանում է երկրորդ ազդարարային համակարգին: Հիշողության այս տեսակը, ի տարբերություն մյուսների, հատուկ է միայն մարդուն:


2. ըստ գործունեության նպատակների բնույթի լինում է կամածին և ոչ կամածին(Այդ մասին վերևում խոսել եմ)
3. ըստ նյութի ամրապնդման և պահպանման տևողության լինում է՝

  1. կարճատև
  2. երկարատև
  3. օպերատիվ
  1. Կարճատև հիշողությունը կապում են նյարդային համակարգում տատանումների բիոէլեկտրիկ կոնտուրների հետ, երկարաժամկետը` ՌՆԹ-ի սպիտակուցի կառուցվածքի փոփոխման հետ: Կարճատև հիշողությունը բնութագրվում է կարճ ժամանակում մտապահելով, երբեմն միանգամյա և շատ կարճ ըմբռնումից հետո: Հիշողության գործընթացները ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվում մտապահման սկզբնական փուլի և հիշողության հետքերի հենց առաջացման պահի վրա: Որպեսզի նյութը ամրապնդվի, այն պետք է վերամշակվի սուբյեկտի կողմից, իսկ սա որոշակի ժամանակ է պահանջում: Դրան անվանում ենք հետքերի կոնսոլիդացիայի ժամանակ:
  2. Երկարատև հիշողությունը նյութի երկարատև պահպանումն է, որը որպես կանոն, պայմանավորված է բազմաթիվ կրկնումներով: Երկարատև հիշողության բովանդակությունը կազմում է այն նյութը, որը սուբյեկտի համար ունի ստրատեգիական նշանակություն: Կարճատևի անվանման մեջ ամփոփված է հիշողության ժամանակային նկարագիրը, և թվում է, թե այն կապ չունի գործունեության հետ, բայց այդ կապը ակնհայտ է, քանի որ նրա երկարատև կրկնումները նյութը տեղափոխում են երկարատև հիշողության ոլորտ: Կարճատև հիշողությունից տարբերում են օպերատիվը:
  3. Օպերատիվ հիշողությունը մտցված է գործունեության կարգավորման մեջ՝ նրա միջանկյալ արդյունքները պահելու համար: Այն ենթադրում է օբյեկտների ըմբռնում գործողությունների կատարման, պատկերի և ամբողջ իրադրության կարճատև պահման, ինչպես նաև նրանց փոփոխման ժամանակ: Օպերատիվ հիշողության տվյալները, որոնք կապված են ըմբռնման հետ, լրացվում են տվյալներով, որոնք պահվում են երկարատև հիշողության մեջ: Օրինակ, խնդիր լուծելիս մենք որոշ միջանկյալ արդյունքներ պահում ենք հիշողության մեջ, իսկ հաջորդ քայլերին անցնելիս նախորդ արդյունքների փոխարեն մտապահվում են այլ տվյալներ: Սա էլ հենց օպերատիվ հիշողությունն է: Այն տարբեր է մյուս երկու տեսակներից, բայց նրանց շփման կետն է հանդիսանում` կատարելով «բանվորական խառնուրդի» դեր:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started