Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՈՐԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Դրամատիկ կատակերգություն երկու արարով

Գործող անձինք.
ՀԱՐՈւԹ- մոտ 25-26 տարեկան
ԱՍՏՂԻԿ- մոտ 25 տարեկան
ՕՀԱՆ- 60-ին մոտ
ՔՆԱՐ- 50-ին մոտ
ԻՍԿՈւՀԻ- մոտ 80 տարեկան
ՄԱՐՏԻՐՈՍ
ԿԻՐԱԿՈՍ
ՆՈՐԻԿ- 4-5 տարեկան

Արար 1
Պատկեր 1
Հարութի բնակարանը. հյուրասենյակ, սեղանին` գինի, կերակուր: Օհան և Քնար, ապա` Հարութ և Աստղիկ:
ՕՀԱՆ — (դռանը մոտենալով): Հզոր փակեր են, կուվալդով էլ չի բացվի:
ՔՆԱՐ — Հազար անգամ ստուգեցիր այդ փակերը:
ՕՀԱՆ — Միայն` բալգարկայով, բայց բալգարկա ո՞վ կտա: Այսինքն, գուցե նայե՞մ սրա խորդանոցում… Հը՞, ինչ ես կարծում:
ՔՆԱՐ — Առավոտյան չնայեցի՞ր:
ՕՀԱՆ — Չէ, ուզում էի նայել, բայց մտածեցի` հանկարծ կգա, կբռնացնի: Իսկ հիմա մտածում եմ` բռնացնում է, թող բռնացնի… Հո ես իր ստրուկը չե՞մ, չէ՞…
ՔՆԱՐ — Դե նստիր, էլի, Օհան, ներվայնացնում ես գնալ-գալով:
ՕՀԱՆ — Տիկին, ես ազատատենչ մարդ եմ, ես չեմ կարող փակի տակ օրերով պարապ նստել:
ՔՆԱՐ — Չես կարող` պատուհանով դուրս արի:
ՕՀԱՆ — Հեշտ ես ասում, գիտե՞ս՝ ինչ բարձր է:
ՔՆԱՐ — Ուրեմն, հանգստացիր, դեռ գինի ունենք, լցրու:
ՕՀԱՆ — Ցավն էլ դա է, որ էս մի շիշն է մնացել:
ՔՆԱՐ — Քիթ-մռթին խփեիր, տղամարդ չե՞ս:
ՕՀԱՆ — Ես ինչ տղամարդ, է… այսինքն, ինչ եմ ասում, իհարկե, եմ, բա ո՞նց… բայց դե, մյուս կողմից` էն վաղ էր, որ մկաններս եռանդով լեցուն էին… (Խմում է:)


ՔՆԱՐ — Ինձ չե՞ս լցնում:
ՕՀԱՆ — Ուզում ե՞ս… Ինչի՞դ է, կարմիր գինին ճնշումդ կբարձրացնի:
ՔՆԱՐ — Ես ճնշում չունեմ: (Լցնում է բաժակը:)
ՕՀԱՆ — Ինչի, քանի՞ տարեկան ես:
ՔՆԱՐ — Կնոջ տարիքը կհարցնե՞ն… Զբոսայգում նման հարցեր չէիր տալիս:
ՕՀԱՆ — Զբոսայգում ես ազատ մարդ էի, տարիք-մարիք ի՞նչ պետքս էր: Լավ, մի ասա, իսկապես ան­նրբանկատ հարց տվի: Հիսուն կա՞ս…
ՔՆԱՐ — Հիսունմեկ:
ՕՀԱՆ — Շատ ավելի ջահել ես երևում, լուրջ եմ ասում:
ՔՆԱՐ — Ոնց եմ զզվում այդ ծեծված հաճոյախոսությունից, որ ասեի` երեսուն, էլի նույնն էիր ասելու:
ՕՀԱՆ — Ճշմարտացի ես, անազատության մեջ` ժամ առ ժամ անհամանում եմ: Բայց իսկապես, տարիքիցդ ջահել ես երևում: (Կմճտում է:)
ՔՆԱՐ — Հավաքիր քեզ… Գինին խմեցիր` տղամարդն արթնացա՞վ մեջդ:
ՕՀԱՆ — Այո, հանքային ջրով կամ կաթով տղամարդ չես արթնացնի: Դու էլ խմիր, թող կինն արթնանա մեջդ:
ՔՆԱՐ — (խմելով): Կինն իմ մեջ միշտ արթուն է, երբեմն նույնիսկ վախենում եմ իմ մեջի կնոջից:
ՕՀԱՆ — Վախենում ես` ինձ թող, ես գիտեմ՝ ոնց սփոփել նրան:
ՔՆԱՐ — Ոչինչ էլ չգիտես, դու շարքային գլուխգովան ես, սովորական տղամարդ:
ՕՀԱՆ — Վիրավորեցիր, ինձ համեմատել բոլորի հե՞տ, գորշ զանգվածի՞, ի՞նձ, վառ անհատականությա՞նս: Էխ, Օհան, ո՞ւր են այն երանելի ժամանակները, երբ կանայք միմյանց մազ էին փետում քեզ համար:
ՔՆԱՐ — Մտքովս կանցնե՞ր, որ այս տարիքում ինձ կառևանգեն:
ՕՀԱՆ — Լավ, քեզ` էլի մի կերպ հասկանալի է, սիրուն կին ես, թմբլիկ` ես կասեի… բայց ի՞նձ ինչու, ես իր ինչի՞ն եմ:
ՔՆԱՐ — Գուցե…
ՕՀԱՆ — Միայն` ոչ դա, Աստված ոչ անի:
ՔՆԱՐ — Լսիր, իսկ հնարավո՞ր է, որ սխալ ինֆորմացիայի զոհ ենք, մեզ շփոթել են:
ՕՀԱՆ — Շփոթելս ո՞րն է, քանի՞ օր հետներս այգում նստեց, օղի-բան բերեց…
ՔՆԱՐ — Մի շաբաթ գնում-գալիս էր… Կարգին մարդու տպավորություն էր թողնում:
ՕՀԱՆ — Ասում էր` ձեզ հետ նստել-զրուցելը կատարյալ վայելք է: Երեսպաշտ:
ՔՆԱՐ — Հաճոյախոսություններ էր անում, ասում էր` դուք էս ի՞նչ լավ մարդիկ եք… վստահություն էր շահում: Սրիկա:
ՕՀԱՆ — Խելքս բան չի կտրում: Գիշերը քեզ բռնաբարելու փորձ չի արե՞լ:
ՔՆԱՐ — Ամենևին:
ՕՀԱՆ — Տխրա՞ծ ես դրա համար:
ՔՆԱՐ — Բայց դու շատ լպիրշն ես, Օհան:
ՕՀԱՆ — Լավ դե, կատակեցի:
ՔՆԱՐ — Լսիր, չլինի՞ մարդակեր է, կանիբալ:
ՕՀԱՆ — Չեմ կարծում, մեր ձիգ միսը պիտի ուտի՞, լիքը անտեր ջահել կա:
ՔՆԱՐ — Գուցե այլասերված կանիբալ է, ձիգ միս է սիրում: Այ մարդ, խոսեիր հետը տղամարդավարի, էլի:
ՕՀԱՆ — Խոսեցի, տեսա՞ր, ասեց` ժամը կգա` կիմանաք: Բայց ասեմ` չարագործի համար նրա վարքը տարօրինակ է, շատ է քաղաքավարի, բարեհոգի, ես կասեի` նույնիսկ քնքուշ: Ինձ հայրիկ ասաց:
ՔՆԱՐ — Ինձ էլ:
ՕՀԱՆ — Հայրի՞կ:
ՔՆԱՐ — Մայրիկ` բնականաբար, ասաց` էս վերմակով հո չե՞ք մրսի, մայրիկ: Ոնց չեմ սիրում, երբ ինձ մայրիկ են ասում:
ՕՀԱՆ — (երգում է, մոր մասին ինչ-որ երգ է):
ՔՆԱՐ — Ինչ էլ անտաշ ձայն ունես: Այսպես երգիր: (Երգում է օպերային, մշակված ձայնով:)
ՕՀԱՆ — Զզվում եմ մշակած-տաշած ձայներից, ձայնը պիտի բնական լինի, աստծո տվածը:
ՔՆԱՐ — Վիճելի է:
ՕՀԱՆ — Բայց չվիճենք, դրա ժամանակը չի:
ՔՆԱՐ — Գիտե՞ս ինչ, արի զինվենք, տեսնենք՝ ինչ երկաթ-մերկաթ կա այս տանը, զինվենք, երբ ինքը վրա տա, մենք էլ մեր կողմից վրա կտանք, վերջապես մենք երկուսով ենք, ինքը մենակ:
ՕՀԱՆ — Օֆ, հոգնեցի էս կյանքի համար կռիվ տալուց, ինչ անում է` թող անի, պրծնեմ-գնամ:
ՔՆԱՐ — Ո՞ւր գնաս:
ՕՀԱՆ — Էն լավ աշխարհը, ուր մարդիկ հաշտ են:
ՔՆԱՐ — Այդ դու, բա ե՞ս:
ՕՀԱՆ — Իբր դու ի՞նչ, նոր ծիլ ես հանելո՞ւ:
ՔՆԱՐ — Այդպես մի ասա, իմ մեջ լիքը կյանք կա դեռ, ես դեռ իղձեր ունեմ…
ՕՀԱՆ — Այգիներում բոմժություն անելով իղձեր չեն կատարվում, տիկին, իղձերին ընդառաջ քայլ է պետք անել:
ՔՆԱՐ — Կատարվում են, դու չգիտես… ու բոլորովին էլ ընդառաջ քայլելով չի, եթե եկավ` նստած տեղդ էլ կգա:
ՕՀԱՆ — Հեքիաթ:
ՔՆԱՐ — Իսկ ի՞նչը հեքիաթ չի, հեքիաթ չի՞ այն, որ եկել ենք, կանք, որ մոլորակը պտտվում է տաք արևի շուրջը, որ ձմեռն անցնի` գարուն է գալու, որ աշխարհը գույն ունի, ծաղիկը` բույր… Ֆու, ի՞նչ գարշելի հոտ է:
ՕՀԱՆ — Ա՜, ռեալությունը խփե՞ց քթիդ, ռեալության հոտն է:
ՔՆԱՐ — Ի՞նչ ռեալություն, քո վրայից է:
ՕՀԱՆ — Դե, ես էլ եմ ռեալություն, էլի: (Հոտոտում է:) Ճիշտ որ: Տաք տուն է, տաքացա, քրտնեցի… Իբր քո վրայից Կոկո Շանելի հոտերն են գալիս:
ՔՆԱՐ — Ասեց` տաք ջուրը միացրեք, լողացեք: Չգիտե՞ս ոնց է միանում տաք ջրի սարքը:
ՕՀԱՆ — Տարօրինակ ես, տիկին Քնար, հիմա տաք ջուր միացնեմ` լողանանք, հա՞, էս տագնապալից իրադրության մեջ լողանալ կլինի՞: Վերջին անգամ ամռանն եմ լողացել, Զանգվի ձորում, չռիկի տակ:
ՔՆԱՐ — Չէ, ես մի ամիս էլ չկա` լողացել եմ, ընկերուհուս բաղնիքում: Իրար հետ երգչախմբում երգել ենք, պատահաբար փողոցում հանդիպեցինք, ամուսնու հետ գժտվել էր, ամուսինը տնից գնացել էր, ինձ տարավ տուն, կերակրեց, խմացրեց, լողացրեց, խշխշան անկողին գցեց…
ՕՀԱՆ — Հետո-հետո՞:
ՔՆԱՐ — Առավոտյան ամուսինը վերադարձավ, հաշտվեցին, հենց իմ աչքի առաջ սկսեցին իրար լպստել, կարծես ես չկամ:
ՕՀԱՆ — Չկաս, էլի:
ՔՆԱՐ — Ուֆ, թե քե՞զ ինչու եմ պատմում:
ՕՀԱՆ — Բա ո՞ւմ պատմես… Մարդու բնույթն է, մարդը չի կարող լուռ մնալ, գոնե երբեմն պիտի արտահայտվի, կիսվի, այ, ես էլ, թեև իմաստուն մարդ եմ, բայց կարիք ունեմ կիսվելու, ո՞ւմ հետ խոսեմ, կողքիս դու ես, ստիպված քեզ հետ եմ խոսում:
ՔՆԱՐ — Նկատել եմ, բոլոր բոմժերին թվում է, թե իրենք իմաստուն են, կյանքի մեծ փորձ ունեն: Իրականում ո՛չ կարգին փորձ ունեն, ոչ էլ իմաստուն են, իրենց են մխիթարում. անկարող, անզոր, անհաջողակ մարդիկ են:
ՕՀԱՆ — Այ, էստեղ մեծապես սխալվում եք, տիկին: Չէ, չեմ ժխտում, մի մասն իսկապես քո ասածի նման են, բայց կա ուրիշ մաս, վառ անհատականություններ…
ՔՆԱՐ — Վախ, վախ…
ՕՀԱՆ — Նրանք չեն կարող անազատ ապրել, իսկ այս գրողի տարած աշխարհում իսկական ազատություն կարող ես ունենալ միայն բոմժի պես ապրելով, զորօրինակ…
ՔՆԱՐ — Դիոգենեսը:
ՕՀԱՆ — Ի՞նչ իմացար:
ՔՆԱՐ — Իբր չեմ լսել, ամեն օր նույնն ես ասում, ի դեպ` դա էլ իմաստնության նշան չէ:
ՕՀԱՆ — Այստեղ նույնպես սխալվում եք, տիկին, զորօրինակ…
ՔՆԱՐ — Դոստոևսկին:
ՕՀԱՆ — Այո, նրա բոլոր վեպերը նույնի մասին են, մեծ գրողը ստիպված է կրկնել, որովհետև գիտի` գործ ունի դմբոների հետ, մեղմ ասած:
ՔՆԱՐ — Լսեք, պարոն, կնոջ հետ եք նստած, առավել գրավիչ, ռոմանտիկ նյութ չկա՞ խոսելու. Մերլին Մոնրոյի կյանքից պատմիր, Տերյան արտասանիր…
ՕՀԱՆ — Քեզ գրավելու համա՞ր… Ծիծաղելի է, կարծում ես դա ինձ պե՞տք է…
ՔՆԱՐ — Դե, եթե պետք չի, լռիր, առավել ևս` որ խոսելիս թքում ես, անվայելուչ սովորություն է:
ՕՀԱՆ — Սովորություն չի, անսարքություն է, պրոթեզս մաշված է: Ձերը պրոթեզ չի՞, տիկին:
ՔՆԱՐ — Ոչ, իմ ատամներն առողջ են, պարոն: (Նախասրահից ձայներ լսելով:) Եկավ:
ՕՀԱՆ — Հարցը կտրուկ եմ դնելու, քսանչորս ժամ ինձ էստեղ փակել` առանց պատճառը հայտնելու, ստրո՞ւկ եմ, ինչ է, ես նույնիսկ բանակում չեմ ծառայել…
Գալիս է Հարութը, Աստղիկի հետ է, Աստղիկը թմրադեղի ազդեցության տակ է:
ՀԱՐՈՒԹ — Բարի երեկո:
ԱՍՏՂԻԿ — Ո՞վ են այս մարդիկ, ինձ ո՞ւր բերեցիր:
ՀԱՐՈՒԹ — Իմ հյուրերն են, ծանոթացիր:
ԱՍՏՂԻԿ — Ես եկել եմ հյուրերի հետ ծանոթանալո՞ւ… Չէ, սրանից լավ հոտ չի գալիս:
ՔՆԱՐ — Դու է՞լ վատ հոտ առար, աղջիկս, Օհանից է, խեղճը երկու ամիս կլինի` չի լողացել:
ՀԱՐՈՒԹ — Կարող եք լողանալ, ձեզ ոչ ոք չի արգելում:
ՕՀԱՆ — Առևանգել ես, որ լողացնե՞ս:
ՀԱՐՈՒԹ — Չեմ առևանգել, հրավիրեցի ընթրիքի, այդպես չի՞:
ՕՀԱՆ — Այո, բայց հետո դուռը փակեցիր վրաներս:
ՀԱՐՈՒԹ — Դեհ, էդպես ստացվեց… որպեսզի դուրս չգաք, գործ ունեմ հետներդ:
ՕՀԱՆ — Նա գործ ունի: Ամբողջ մեկ օր է` այստեղ ենք, փակի տակ, անհայտության, անորոշության մեջ, անելիքներս չգիտենք, ժամանակն իզուր անցնում է, իսկ ժամանակը, ինչպես գիտեք, փող է:
ՀԱՐՈՒԹ — Իհարկե, այս մեկ օրվա մեջ հեչի պես մեկ միլիոն կաշխատեիք, չէ՞:
ՕՀԱՆ — Դե, միլիոն գուցե մի քիչ խիստ է ասված, բայց ինչ-որ բան կաշխատեինք: Վերջապես գինին է սպառվում:
ՔՆԱՐ — Արդեն սպառվել է:
ՕՀԱՆ — Ահա, արդեն սպառվել է: Իսկ դա աղետ է ինձ պես նրբա­նյարդ մարդու համար. երբ գինին սպառվում է` աշխարհն է շատանում, իսկ աշխարհի արշավանքն անտանելի է ինձ համար, տիկինը կվկայի:
ՔՆԱՐ — Այո, Օհանին առանց գինի թողնելը դաժանություն է, ավելի լավ է միանգամից սպանել:
ՕՀԱՆ — Ահա, ձայն կնոջ` ձայն ճշմարտության: Ամբողջ օրը փակել եք այս խցի մեջ, չեք էլ ասում` մարդ են սրանք, մարդ են, Հորացիո…
ՀԱՐՈՒԹ — Ես Հարութն եմ, շփոթեցիր:
ԱՍՏՂԻԿ — Մի րոպե, թողեք կողմնորոշվեմ… (Հարութին.) Պարոն, դու ասացիր` տանը մարդ չկա:
ՕՀԱՆ — Դեհ, մենք նրա համար մարդ չենք:
ՀԱՐՈՒԹ — Մի՞թե քեզ տհաճ են այս հրաշալի մարդիկ: Ինձ, օրինակ, շատ հաճելի է նրանց հետ շփվելը: (Գրկելով Քնարի ուսերը:) Ո՞նց ես, մայրիկ, հայրիկը հո չի՞ նեղացրել:
ՔՆԱՐ — Չէ, չի նեղացրել, բայց շատախոսում է:
ՕՀԱՆ — Ի՞նչ մայրիկ, ի՞նչ հայրիկ… Տղա, դու շատ կասկածելի զեղումներ ունես, հոգեբույժի դիմե՞լ ես:
ՀԱՐՈՒԹ — Դե, մի չարացի, քեզ չի սազում, ահա, քեզ համար գինի եմ բերել. (Մթերապարկը դնում է սեղանին:)
ՕՀԱՆ — Հա՞:
ԱՍՏՂԻԿ — (Հարութին): Նայի-տես, փողն արդեն տվել ես, ետ չեմ տալու, ես պրոբլեմ չունեմ, նրանք ինձ չեն խանգարում…
ՀԱՐՈՒԹ — Մի տագնապիր, ամեն բան կարգին է, ինչ տվել եմ` քոնն է: Լվացվենք և ընթրենք: (Դուրս է գալիս:)
ՔՆԱՐ — (Աստղիկին): Քեզ էլ է առևանգել:
ԱՍՏՂԻԿ — Ո՞նց` առևանգել… Չէ, ինձ կարծես թե կոնկրետ նպատակով է բերել… Ձեզ առևանգե՞լ է:
ՔՆԱՐ — Երեկ եկավ զբոսայգի, նստեցինք, ծխեցինք, ասեց` ցուրտ է, գնա՞նք իմ տուն, մի քիչ ուտենք, խմենք: Մենք էլ եկանք, հետո ասեց` ուշ է, մնացեք, մենք էլ մնացինք, առավոտյան վեր կացանք, տեսանք` ինքը չկա, դուռը վրաներս փակ է, մի երկտող էր թողել, թե` մնացեք, մինչև գամ, կարևոր գործ ունեմ ձեզ հետ:
ՕՀԱՆ — (մթերապարկից գինին հանելով): Լավ, ոչինչ, մարդը երկու շիշ գինի է բերել, այսօր էլ կընթրենք հետը, վաղը` բայ-բայ…
ԱՍՏՂԻԿ — Դուրըս չի գալիս էս ամեն ինչը:
ՔՆԱՐ — Լավ չե՞ս, աղջիկ ջան, գույնդ գցեցիր:
ԱՍՏՂԻԿ — Հակառակը, շատ լավ եմ, իսկ երբ շատ լավ ես, դա վատ է:
ՔՆԱՐ — Չեմ հասկանում…
ԱՍՏՂԻԿ — Աշխարհը թույլ չի տա, որ երկար շատ լավ լինես, ուր որ է կխցկվի իր զզվելի շոշափուկներով:
ՕՀԱՆ — Պարզ է, ծխել է կամ կուլ տվել:
ԱՍՏՂԻԿ — Ծերուկը հասկանում է գործից, միայն մի քիչ սխալվեց` և՛ ծխել եմ, և՛ կուլ եմ տվել:
Հարութը վերադառնում է:
ՀԱՐՈՒԹ — Ո՞նց եք, ժողովուրդ… Ես լվացվեցի, գնացեք` դուք էլ լվացվեք, ամեն բան այնտեղ է` օճառ, սրբիչ… Չեմ հասկանում, ընթրել չե՞ք ուզում… Անձամբ ես քաղցած եմ:
ՕՀԱՆ — Բուրատինոյի արկածները հիշեցի…
ԱՍՏՂԻԿ — Հրաշալի գիրք է, Պիերոյի սերը շատ ռոմանտիկ է:
ՕՀԱՆ — Հիշո՞ւմ եք, Մալվինան ոնց էր րոպեն մեկ լվացվելու ուղարկում… Բայց դե, ի՞նչ չես անի հանուն գինու, չլվացվեմ` չի տա, աչքերից եմ տեսնում, այնպես չէ՞:
ՀԱՐՈՒԹ — Այդպես է, հայրիկ:
ՕՀԱՆ — Դե, ի՞նչ ես անդադար` հայրիկ, հայրիկ:
ՀԱՐՈՒԹ — Էնքան լավն ես, երբ փնթփնթում ես, մի հատ թուշդ կմճտեմ, էլի:
ՕՀԱՆ — Կմճտիր, եթե ուզում ես, բայց կամաց, չցավեցնես:
ՔՆԱՐ — Մեզ էլ ես կմճտելո՞ւ:
ՀԱՐՈՒԹ — Չէ, մայրիկ, թեև որբանոցում եմ մեծացել, բայց դաստիարակություն ունեմ, քեզ կշոյեմ, հա՞, եթե թույլ տաս, մազերդ… Այ, այսպես… Դե գնա, լվացվիր, սանրվիր, որ ավելի սիրունանաս:
ՔՆԱՐ — (գնալով): Բան չեմ հասկանում:
Քնարը և Օհանը գնում են լոգարան:
ՀԱՐՈՒԹ — (նրանց ետևից): Գլխառադ չանեք, կարգին լվացվեք: (Աստղիկին.) Դու չե՞ս լվացվում:
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ ես կպել` լվացվել, լվացվել… Տարօրինակ է, նույնիսկ` հիվանդագին:
ՀԱՐՈՒԹ — Աղջիկ ջան, մարդկային նորմալ շփումներից էնքան ես հեռացել, որ ամեն մարդկային բան հիվանդագին է թվում: Գնանք, կուզե՞ս` ես լվամ` ձեռքերդ, դեմքդ… (Գրկում է, համբուրում:)
ԱՍՏՂԻԿ — Փողը տվել ես, կուզես` համբուրի, կուզես` ձեռքերս լվա, կուզես` ոտքերս… Կլիենտի ցանկությունը հարգում եմ:
ՀԱՐՈՒԹ — (թեթև ապտակում է): Էլ փողից ու կլիենտից չխոսես, եղա՞վ, ես կլիենտ չեմ քեզ համար:
ԱՍՏՂԻԿ — Չէ, դու իսկապես խփնված ես… Ես գնում եմ, դուռը բաց… Առ, կուզե՞ս, փողերդ էլ վերցրու…
ՀԱՐՈՒԹ — (դարձյալ ապտակելով): Ասացի` փողից չխոսես: (Աստղիկը հեկեկում է:) Կներես, Աստղիկ, խնդրում եմ… Երբ կլիենտից ու փողից ես խոսում, կատաղությունից աչքերիս առաջ մթնում է… Դե ների, հա՞…
Գալիս է Օհանը:
ՕՀԱՆ — Մենք լվացվեցինք, պատրաստ ենք ընդունելու:
ԱՍՏՂԻԿ — Գնամ, ես էլ լվացվեմ, թե չէ կսպանի: (Գնում է:)
ՕՀԱՆ — Ահա, լավ լվացվել եմ… (Ձեռքերը, ապա դեմքը ցույց տալով:) Ստուգեք… Ատամներս չեմ մաքրել, բարդությունների հետ է կապված:
ՀԱՐՈՒԹ — Սեղան չգցե՞նք, մինչև կանայք գան:
ՕՀԱՆ — Գցենք, մեզ ի՞նչ է եղել:
Հարութը և Օհանը սեղան են գցում:
ՕՀԱՆ — Աշխարհի լավագույն խոհարարները տղամարդիկ են: Կանայք ստեղծագործաբար չեն մոտենում հարցերին, չէ, կրեատիվ չեն, եղբայր, նույնիսկ անկողնում` էլի մենք ենք ստեղծագործում, ես կասեի` արարում, ճիշտ է, երբեմն փուստ ենք տալիս, բայց դե, ոչինչ, պատահում է, կենսաբանական առանձնահատկություն է, այդ ոլորտում նույնպես մեզ դժվարին վիճակն է բաժին հասել, հեշտ չի, հասկանում ես… Լավ, չխորանամ: Գինին քիչ է, Հարություն, կներես, բայց քիչ է, հազիվ ինձ հերիքի:
ՀԱՐՈՒԹ — Չվախես, հայրիկ, խանութը մոտ է:
ՕՀԱՆ — Լսիր, ես չեմ հասկանում, դու ո՞վ ես, կողոպտիչ, առևանգիչ, ազգային անվտանգության գործակալ, թե՞ բարի հրեշտակ:
ՀԱՐՈՒԹ — Մարդ եմ, էլի:
ՕՀԱՆ — Մարդ… Ինչ վեհ է հնչում և ինչ խղճուկ: Բայց ի՞նչ առիթով է այս ընթրիքը, առիթ կա՞, թե հենց էնպես:
ՀԱՐՈՒԹ — Առևանգումը լավ առիթ չի՞:
ՕՀԱՆ — (ծիծաղելով): Ճիշտ որ, մոռացել էի:
ՀԱՐՈՒԹ — Հավաքվել ենք իրար գլխի, ընտանիքի պես, ի՞նչ վատ է:
ՕՀԱՆ — Վատ չի, քավ լիցի, լավ է նույնիսկ:
ՀԱՐՈՒԹ — Հրաշալի է: Մի առիթ էլ կա, և դու ինձ պիտի օգնես:
ՕՀԱՆ — Չլինի՞ Քնարը դուրըդ եկել է:
ՀԱՐՈՒԹ — Աստղիկը:
ՕՀԱՆ — Է, ի՞նչ պրոբլեմ կա, չեմ հասկանում, փողը տվել ես, չէ՞…
ՀԱՐՈՒԹ — Դու է՞լ ես փողից խոսում:
ՕՀԱՆ — Ինքն ասաց: Ասաց` տես, Հարութ, փողը տվել ես:
ՀԱՐՈՒԹ — Փող, փող… Գոնե դու փողից չխոսես` ազատ մարդ ես…
Գալիս են Քնարն ու Աստղիկը:
ՕՀԱՆ — (կանանց): Վախ, մամա ջան, այս ինչ հրեշտակներ են… Տիկին Քնար, լույս եք ճառագում պարզապես… Այ մարդ, հաճախ լվացվեք, էլի… Իսկ Աստղիկս, Աստղիկս… (Փորձում է կմճտել:)
ԱՍՏՂԻԿ — Չդիպչես, ծերուկ:
ՕՀԱՆ — Հայրաբար, հայրաբար: Դե, նստեք: (Հարութին.) Ոչի՞նչ, որ ես եմ հրավիրում, այստեղ մեծը ես եմ ոնց որ…
ՀԱՐՈՒԹ — Այո, դու ես, հայրիկ: Բայց թույլ տուր առաջինը ես ասեմ:
ՕՀԱՆ — (բաժակները լցնելով): Իհարկե, տղաս, ասա` որքան սիրտդ ուզում է, միայն թե մեկ-մեկ հատ անխոս խմենք, ապրիորի:
Խմում են:
ՕՀԱՆ — Դե, հիմա լսում ենք:
ՀԱՐՈՒԹ — Մի կտոր կերեք` նոր:
ՕՀԱՆ — Դա մի առանձնակի անհրաժեշտություն չի… Մի փոքր պանիր` թերևս… Ահա… Համակ ուշադրություն ենք:
Հենց Հարութը պատրաստվում է խոսել, Քնարն անսպասելիորեն երգում է, որևէ օպերային արիա:
ՕՀԱՆ — Հենց մի բաժակ խմեց` պիտի երգի, սովորություն է, համբերենք, հարգելի սեղանակիցներ:
Երբ երգն ավարտվում է, Հարութը ծափահարում է, մյուսները` նույնպես:
ՔՆԱՐ — Շնորհակալ եմ, շնորհակալ եմ… Սպասեք, աֆիշներս բերեմ… (Գնում է պայուսակը բերելու:)
ՕՀԱՆ — Սկսվե՜ց… Հազար եմ ասել` ձեզ խմել չի կարելի, տիկին Քնար:
ՔՆԱՐ — (բերելով): Ահա… Ես եմ… Դոնի Ռոստով, Նալչիկ, Տաշքենդ…
ՕՀԱՆ — Սա է՞լ դուք եք, տիկին:
ՔՆԱՐ — Կատակդ անտեղի է, պարոն, ակոմպանիատորս է:
ԱՍՏՂԻԿ — Ինչ գեղեցիկ եք, տիկին Քնար:
ՀԱՐՈՒԹ — Թագուհու պես է մայրիկը:
ՕՀԱՆ — Ինչո՞ւ չհանդիպեցինք այն ժամանակ, ինչ դաժան է ճակատագիրը:
ՔՆԱՐ — Ո՞նց հանդիպեինք, ես Տաշքենդում, դու, երևի, Համզաչիմանում:
ՕՀԱՆ — Ինչո՞ւ Համզաչիման, ի՞նչ Համզաչիման… Հնարում եք, տիկին, ես բնիկ երևանցի եմ, Տաշքենդում էլ եմ եղել, Մոսկվայում էլ, Օդեսայում, նույնիսկ` Սոֆիայում… Աշխարհի քաղաքացի եմ ես, կոսմոպոլիտ… Պտտվեցի` դարձյալ հայտնվեցի այս, մեղմ ասած, Երևանում:
ՀԱՐՈՒԹ — Դեհ, կարևորը` վերջապես հանդիպել եք:
ՔՆԱՐ — Ասեմ` առանձնակի հաճույք չեմ ապրում դրանից:
ՕՀԱՆ — Իմ ոճո՞վ ես ինձ խփում, կոկետկա:
ՀԱՐՈՒԹ — Լավ, մի կռվեք, ճիշտ հակառակի համար եմ հավաքել ձեզ:
ՕՀԱՆ — Հավաքել, էլ ո՞նց կլիներ, ասեք` առևանգել, շնորհակալ եղեք, որ ոստիկանություն չենք դիմում: Կատակեցի:
ՔՆԱՐ — Հազիվ մի անգամ տղամարդավարի խոսեց, այն էլ վերջում փչացրեց:
ԱՍՏՂԻԿ — (Քնարին): Իսկ ինչո՞ւ Տաշքենդ, ամուսնացա՞ծ էիք Տաշքենդում:
ՔՆԱՐ — Ես այնտեղ ծնվել եմ, աղջիկս:
ՕՀԱՆ — Ուզբեկ է, չի՞ երևում:
ՔՆԱՐ — Հայի ընտանիքում եմ ծնվել, պարոն Օհան, Հայկազյան է ազգանունս:
ՕՀԱՆ — Օ՜, ինչ եք ասում:
ՔՆԱՐ — Բայց դեռ երկու տարեկան չկայի` Տաշքենդի ահավոր երկրաշարժը ծնողներիս տարավ: Որբանոցում եմ մեծացել: Հետո` երաժշտական դպրոց, հետո` տաշքենդյան օպերա… Բայց օպերային երգչուհի դառնալ չհաջողվեց, թոքերս թույլ էին, շնչառությունս չէր հերիքում, որբանոցային կյանքն անհետ չէր անցել: Սկսեցի ֆիլհարմոնիայում երգել, դասական, էստրադային երգեր, տարբեր համերգներ, հյուրախաղեր…
ՕՀԱՆ — Պաուզա չանե՞նք, մեկ հատ էլ խմենք, շատ երկարեց ինչ-որ…
ԱՍՏՂԻԿ — Մի խանգարեք, սիրտը լցված է, թող պատմի:
ՔՆԱՐ — Հայաստան եկա, որոշեցի մնալ, բախտս հայրենիքում փորձել, բայց դեռ կարգին չէի տեղավորվել` մեծ երկիրը փլուզվեց, պատերազմ, սով… Հանրակացարանում էի ապրում, հանեցին, փախստականներին էին տեղավորում, տուն վարձեցի, բայց աշխատանք չկար, վարձ տալ չէի կարողանում, էդպես գլորվեցի, գլորվեցի…
ՕՀԱՆ — Խեղճ որբուկ, ոնց եմ քեզ հասկանում, ոնց եմ հասկանում… (Արտասվում է:)
ՔՆԱՐ — Լավ դե, Օհան, ամոթ է, տղամարդ ես, ձգիր քեզ:
ՕՀԱՆ — Ես ի՞նչ տղամարդ, ես որբ եմ, մի խեղճ որբուկ:
ԱՍՏՂԻԿ — Դուք է՞լ որբ եք:
ՕՀԱՆ — Որբ եմ, աղջիկս, ամենաիսկական որբը:
ԱՍՏՂԻԿ — Եթե հաշվի առնենք, որ ես էլ որբ եմ, ուրեմն մեզ` որբերիս, այստեղ հավաքելը պատահական չէ, հա՞, պարոն:
ՀԱՐՈՒԹ — Ճշմարտացի ես:
ԱՍՏՂԻԿ — Հասկանում եմ, որբեր առևանգելն ավելի անվտանգ է, նրանց ոչ ոք չի փնտրի, այդպե՞ս է:
ՀԱՐՈՒԹ — Առհասարակ` գուցե, բայց այս դեպքում այդպես չէ:
ԱՍՏՂԻԿ — Բա ինչպե՞ս է:
ՔՆԱՐ — Իսկապես, առևանգել ես` պատասխան տուր, ինչքա՞ն լռես:
ՕՀԱՆ — Կարծում եմ` իսկը ժամանակն է, որ խաղաթղթերդ բացես, Հարություն:
ՀԱՐՈՒԹ — Ժամանակն է, այո… Բերեք մեկ էլ խմենք… (Լցնում է բաժակները:)
ՕՀԱՆ — Էհ:
Խմում են:
ՀԱՐՈՒԹ — Չկարծեք` միայն դուք եք որբ, ես էլ եմ որբ: Իմ ծնողները իննսունականների սկզբին գնացին Ռուսաստան փող աշխատելու ու չվերադարձան, կորան…
ՕՀԱՆ — Օ՜, Ռուսաստանը մութ է ու անծայրածիր, այնտեղ կորչելը մեկ անգամ մեկ է, ով-ով` ես դա լավ գիտեմ:
ՀԱՐՈՒԹ — Ինժեներ էին, անկախությունից հետո մնացել էին անգործ, մի ինչ-որ հեռավոր բարեկամ Ռուսաստանում գործ էր բացել, մեծ խոստումներով կանչել էր, նրանք էլ գնացին: Ինձ պապիս մոտ էին թողել, բայց պապս ծեր էր, հիվանդ, շուտով մահացավ, էլ ոչ ոք չունեի, ընկա մանկատուն…
ՔՆԱՐ — Խեղճ տղա:
ՀԱՐՈՒԹ — Երբ մեծացա` գնացի ծնողներիս փնտրելու, նրանց հետքերով հասել եմ մինչև Յակուտսկ, բայց հետքերը խզվեցին, չկար մեկը, որ տեսած լիներ, այդ մեր բարեկամն էլ չկար, ասես բոլորով մտել էին տայգան ու տարրալուծվել անտառներում: Դեհ, Ռուսաստանում խառը ժամանակներ էին, զինված բանդաներ, սպանություններ…
ՕՀԱՆ — Ռուսաստանում ժամանակները միշտ են խառը, ով-ով` գոնե ես դա լավ գիտեմ:
ՔՆԱՐ — Մի խանգարի, թող պատմի տղան:
ՕՀԱՆ — Չխանգարեցինք, դու էլ…
ՀԱՐՈՒԹ — Մանկատանը եղած ժամանակ միշտ երազել եմ ընտանիք ունենալ, հայր, մայր, կին, երեխա… Էս սառն, անտարբեր աշխարհում ավելի կարևոր բան չկա, քան ընտանիքը, տունը, եթե դա չունես` ապրելն անիմաստ է, գոնե` ինձ համար: Համոզված եմ, որ ձեզ էլ է տուն ու ընտանիք պետք: Այս տունն իմ հայրական տունն է, վերադարձրին, երբ չափահաս դարձա, ինքս եմ նորոգել, ես շինարար եմ, շինարարության հետ կապված ամեն ինչ անում եմ, վատ չեմ վաստակում… Մի խոսքով` մտածեցի, որ եկել է ընտանիք կազմելու ժամանակը: Աստղիկ, ուզում եմ, որ կինս լինես… Դուք էլ մեզ` հայր ու մայր… Ինչո՞ւ ոչ… Մի ընկեք պայմանականությունների ետևից, բոլորս էլ Ադամից ու Եվայից ենք սերվել… Միանգամից մի մերժեք, մտածեք:
ԱՍՏՂԻԿ — Ես` կին, Հարութի կինը, որբ Հարութն առաջարկություն է անում որբ Աստղիկին:
ՀԱՐՈՒԹ — Այո, անում եմ:
ԱՍՏՂԻԿ — Գուցե ծնկի՞ էլ իջնեք, պարոն:
ՀԱՐՈՒԹ — (ծնկի իջնելով): Խնդրում եմ, Աստղիկ, դարձիր իմ կինը: (Գրպանից մատանի է հանում, հագցնում Աստղիկի մատին:)
ՕՀԱՆ — Այ քեզ բան…
ՔՆԱՐ — Ադամա՞նդ է:
ՀԱՐՈՒԹ — Այո, իմ կնոջ մատանին կեղծ քարով չպետք է լինի:
ՕՀԱՆ — Համաձայնվիր, աղջիկս, բախտն իր ոտքով եկել է` առաջդ չոքել:
ՔՆԱՐ — Համաձայնվիր, ճիշտ է ասում բանը…
ՕՀԱՆ — Բանը ո՞րն է, տիկին, ես Օհանն եմ, օղ արեք ձեր ականջին, Օհանը, որ այսուհետ ձեր օրինական ամուսինն է: Մեր հարաբերությունները մի օր պետք է օրինական հուն մտնեին, ես դա գիտեի, հասունացել էր:
ՔՆԱՐ — Ստոպ, ես իմ համաձայնությունը չեմ տվել:
ՕՀԱՆ — Տուր ուրեմն:
ՔՆԱՐ — Նախ` նրան են առաջարկություն արել:
ԱՍՏՂԻԿ — Սա լուրջ չէ, Հարութ, երեխայություն է…
ՀԱՐՈՒԹ — Սրանից լուրջ չի լինում:
ՕՀԱՆ — Դե՞, Աստղիկ, իմ բախտին քար մի գցիր, աղջիկս:
ԱՍՏՂԻԿ — Բայց դու լա՞վ գիտես, թե ում ես ուզում կին վերցնել:
ՀԱՐՈՒԹ — Գիտեմ:
ԱՍՏՂԻԿ — Որտեղի՞ց, դու իմ ապրածից ի՞նչ գիտես:
ՀԱՐՈՒԹ — Կպատմես, եթե ցանկանաս: Բայց ինչ էլ լինի` ի՞նչ կարևոր է, կարևորն այս պահն է ու այն, ինչ սրանից հետո է լինելու:
ԱՍՏՂԻԿ — Փոշմանելու ես:
ՀԱՐՈՒԹ — Երբեք:
ՕՀԱՆ — Դե պրծեք, երեխեք, շատ ձգձգվեց:
ԱՍՏՂԻԿ — Չգիտեմ` ճիշտն ասած…
ՕՀԱՆ — Նա տվեց իր համաձայնությունը… Կեցցես, կեցցես:
ՔՆԱՐ — Դե, համբուրվեք:
Աստղիկն ու Հարութը համբուրվում են:
ՕՀԱՆ — Խմում ենք այս երջանիկ առիթով: Ջահելների կենացը: Մեր զավակների կենացը:
ՔՆԱՐ — Բախտավոր եղեք:
ՀԱՐՈՒԹ — Դե, դուք էլ համբուրվեք:
ՔՆԱՐ — Վայ, չէ…
ՕՀԱՆ — Ի՞նչ` չէ… (Գրկում է, համբուրում Քնարին:)
ՀԱՐՈՒԹ — Ձեր ցավը տանեմ… (Գնում է խոհանոց, վերադառնում շամպայնով:) Ահա, այս պահի համար էի պահել: (Բացելով, բաժակները լցնելով:) Մեր ընտանիքի կենացը, նրա ամրության, բարօրության համար, հայր, մայր, Աստղիկ, ձե՛զ համար:
Խմում են:
ՕՀԱՆ — Ախ, գիտառս, ո՞ւր է գիտառս:
ՔՆԱՐ — Վաճառել ես գիտառդ, սատանա, մոռացա՞ր:
ՀԱՐՈՒԹ — Չվախես, հա՛յր, ունենք գիտառ: (Բերում է կիթառը:) Խնդրեմ:
ՕՀԱՆ — Էխ, չավալլե… (Երգում է:)

Պատկեր 2
Հյուրասենյակ, Քնար, Օհան:
ՕՀԱՆ — Հեյ, հեյ, հե՜յ…
ՔՆԱՐ — Ի՞նչ ես գոռում:
ՕՀԱՆ — Լավ է: Լավ է տանը, խալաթով, գեղեցկուհի կինը կողքիդ… Օհո՜յ, էհե՜յ…
ՔՆԱՐ — Մի գոռա, կամաց, հարևաններ կան, Աստղիկն է կողքի սենյակում:
ՕՀԱՆ — Մարդ իր հրճվանքն է արտահայտում, անմիջապես բերանին իջնում են, էս ի՞նչ դաժան աշխարհ է…
ՔՆԱՐ — Դու առհասարակ բարձրախոս ես, ես կողքիդ` դու գոռում ես` Քնար, Քնար:
ՕՀԱՆ — Այո, իմ ձայնն իմ պես է, ազատություն է սիրում: (Գրկելով Քնարին:) Այնքան ես սիրունացել, այնքան ես պուպուշացել, թմբլիկացել, ճերմակել… Ահա թե ինչ է նշանակում` ռեգուլյար լոգանք, կարգին սնունդ և կարգին ամուսին:
ՔՆԱՐ — Թող, ի՞նչ ես անում:
ՕՀԱՆ — Ոնց թե… Հենց այն… ամուսիններ ենք վերջապես, ո՛չ գիշերով մոտ թողիր, ո՛չ առավոտյան, ոչ էլ, ամոթ է ասել, ցերեկով:
ՔՆԱՐ — Ես չեմ կարող, ես պիտի վարժվեմ, ընտելանամ…
ՕՀԱՆ — Այ քեզ բան… Ի՞նչ ընտելանալ, տիկին, ժամանակ չկա, կյանքն անցնում է, սուրում:
ՔՆԱՐ — Ես այլ կերպ չեմ կարող, ես ուրիշ կին եմ, քո իմացածներից չեմ: Դու դեռ իմ արժանիքները չես ճանաչել, չես գնահատել, բայց համառորեն ուզում ես ծոցս խցկվել, վավաշոտ, անհամբեր տղամարդ ես, իսկական սատանա:
ՕՀԱՆ — Այո, վավաշոտ, փռչոտ սատանա… Դե, արի մոտս… Այ, կբողոքեմ մեր որդուն:
ՔՆԱՐ — Ամոթ է:
ՕՀԱՆ — Կասեմ` ամուսնացրել ես` տեր կանգնիր, կինս չի կատարում իր ամուսնական պարտավորությունները:
ՔՆԱՐ — Դե, մի վրա տուր, համբերիր, թող բողբոջի ներսս, ծաղկի…
ՕՀԱՆ — Բողբոջի, ծաղկի… Էշ մի սատկիր, գարուն կգա: Չէ, էդպես էլ բախտս չբերեց կանանց հարցում, էն մեկը էնպես, էն մեկը` լրիվ էնպես, էս մեկն էլ` ըհը… Թողնելու եմ, գնամ նորից փողոց: (Կիթառը վերցնում է, գնչուական երգ է երգում:)
ՔՆԱՐ — Լսիր, Օհան, դու իսկական գնչու ես, է’, նոր նկատեցի, աչքերդ էլ գնչուի աչքերի պես սիրուն են:
ՕՀԱՆ — Ի՞նչ ասացիր…
ՔՆԱՐ — Ոչինչ… Ասեցի` ոնց որ գնչու լինես:
ՕՀԱՆ — Չէ, դրանից հետո էլի ինչ-որ բան ասացիր:
ՔՆԱՐ — Չէ, մենակ դա եմ ասել, ոնց որ իսկական գնչու լինես:
ՕՀԱՆ — Հնարավոր է, չի բացառվում… Բայց էլի մի բան ասացիր:
ՔՆԱՐ — Դե չէ, էլի:
ՕՀԱՆ — Լրիվ հնարավոր է, որ գնչու եմ: Ես վերցնովի երեխա եմ, այսինքն` էի:
ՔՆԱՐ — Դու հիմա էլ երեխա ես, ինձ նույնիսկ թվում է` հիմա ավելի երեխա ես, քան երբ երեխա էիր, թեկուզև` վերցնովի:
ՕՀԱՆ — Այո, շատ հնարավոր է, որ գնչուներից են վերցրել, կամ էլ գնչուները թողել են մանկատանը` նրանք վերցրել են:
ՔՆԱՐ — Նրանք` ո՞վ:
ՕՀԱՆ — Ծնողացուներս, էլի: Երբ մեծացա, իմացա, որ վերցնովի եմ` փախա տնից, տասներկու տարեկան էի, աշխարհից խիստ նեղացած, դարձա թափառական` Սոչի, Կրասնոդար, Ռոստով-պապա, Օդեսա-մամա… գողություն սովորեցի: Գիտե՞ս, իմ մատներն ինչ նուրբ ու աշխույժ են պրպտում ուրիշների գրպաններում: Օրինակ, երեկ, քո էս գրպանում հինգհարյուր դրամանոց կար, ճի՞շտ է…
ՔՆԱՐ — Դու ես տարե՞լ, սատանա, ես էլ մեռա փնտրելով:
ՕՀԱՆ — Կվերադարձնեմ, կրկնակին կվերադարձնեմ… սիգարետի փող չունեի: (Մեկուսի.) Ասա` լեզուդ քեզ քաշի, էլի, բացբերան:
ՔՆԱՐ — Հարութը տալիս է, տեսել եմ:
ՕՀԱՆ — Է հա, քեզ էլ է տվել:
ՔՆԱՐ — Է հա, տվել էր, բայց տարար:
ՕՀԱՆ — Է հա… Ասեցի` կվերադարձնեմ, չեք հավատո՞ւմ, տիկին:
ՔՆԱՐ — Չեմ հավատում, պարոն:
ՕՀԱՆ — Ո՞նց թե… Այսինքն, ճիշտ էլ անում ես, մանր հարցերում ինձ հավատալը սառույցի վրա նրբագեղ կոշիկներով քայլելու պես է, այ, մեծ, կարևոր խնդիրների դեպքում կարող ես լիովին վստահել: Իսկ մանր խնդիրները… դե մանր են, էլի, դրանք պիտի խաղարկես, զվարթությամբ լցնես, որ կյանքը հմայիչ դառնա, թե չէ, ասենք, ինչի է նման` դու ուզեցիր, նա մերժեց, դու մռայլվեցիր, օրդ փչացավ, գուցե նաև առհասարակ մարդկանց մասին կարծիքդ փչացավ, կամ էլ տվեց, ասաց` երկու օրից, դու էլ երկու օրից ճիշտ-ճիշտ վերադարձրիր. կյա՞նք է, թե՞ հաշվապահություն:
ՔՆԱՐ — Ճիշտ որ` գնչու ես: Էլ չվերադարձա՞ր ծնողացուներիդ մոտ:
ՕՀԱՆ — Ոչ: Իրենք էլ էին փոշմանել, գիտե՞ս ոնց է լինում` շան թուլան սիրուն է, զվարճալի, առանց երկար մտածելու վերցնում են, հետո տեսնում են` ահավոր հոգս է, բայց դե, արդեն խրվել են: Մի օր խոսում էին, դպրոցից շուտ էի եկել, ես էդպես էի` կամ շուտ էի գալիս, կամ ուշ, եկել էի, անձայն մտել տուն, լսեմ` ինձնից են խոսում, հայրացուս ասում էր` սա հաստատ բոշա է, մեզ խաբեցին, ասեցին հայ է, բայց բոշա է ոնց որ, մայրացուս էլ ասեց` հա, հայը ներքին կուլտուրա ունի, սա լրիվ սանձարձակ, չդաստիարակվող երևույթ է, դասերից փախչում է, թափառում, ծխում, հարևանների նկուղներից գողություն անում… Չէ, ո՞ւր վերա-դառնայի, համ էլ ազատության համն առել էի: Օդեսայում մի գնչուական երաժշտախումբ վերցրեց, լավ երգում էի, սուլում էի… Սուլե՞մ` լսես… (Հանրածանոթ ինչ-որ մեղեդի է սուլում:) Ո՞նց է:
ՔՆԱՐ — Դեղձանիկը կնախանձի:
ՕՀԱՆ — Բա՞: Գնչուների մոտ գիտառ նվագել էլ սովորեցի, ու էդպես, խմբի հետ, թափառեցի ամբողջ սովետով: Բայց խմում էի… (Լցնելով բաժակը:) Էս անտերը փոքր հասակից տարել էր: (Խմում է:) Օխա՜յ: Սվերդլովսկ քաղաքում գողության համար նստացրին, հետո նստեցի Պերմում, նստեցի Ուֆայում, Կրիվոյ-Ռոգում…
ՔՆԱՐ — Գոնե Փարիզում նստեիր:
ՕՀԱՆ — Ինչի՞ որ:
ՔՆԱՐ — Դեհ, Փարիզը` Փարիզ է, թեկուզ` բանտի պատուհանից:
ՕՀԱՆ — Չէ, վերջին անգամ Արմավիրում եմ նստել: Էդպես խմելով, նստելով եկա-հասա հայրենիք, պատկերացնո՞ւմ ես, գնչուն և իր հայրենիքը:
ՔՆԱՐ — Դեհ, գուցե գնչու չես, հաստատ չի, գնչուանման հայեր էլ կան, և հետո` քիթդ…
ՕՀԱՆ — Քիթս չե՞ս հավանում:
ՔՆԱՐ — Հավանելու հարց չկա, պարզապես ուզում եմ ասել` հայի քիթ է:
ՕՀԱՆ — Գուցե, գուցե… Վերջապես ամեն ազգ իր գնչուն ունի: Մի խոսքով, Արմավիրում ինձ հետ նստած մի սիսիանցի համոզեց, ասեց` գնանք մեր գյուղ, տուն-տեղ կդնես, հող կմշակես… Ինքս ինձ խաբելով եկա, եկա ու դարձա այն, ինչ դարձա: Դժգոհ չեմ, չէ, ոչ էլ զղջում եմ, ճակատիս գրածն եմ ապրել: Էս կյանքում ես ազատություն եմ փնտրել, իսկ քսանմեկերորդ դարում ազատ կարող է լինել միայն այն մարդը, ով ոչինչ չունի, հենց մի բան ունեցար` արդեն անազատ ես, այ, էս գիտառն, օրինակ, անդադար մղում է երգելու, չեմ ուզում, բայց ինքը մղում է: Է՜խ… (Երգում է:)
Հարևան սենյակից աղմուկ է լսվում, Աստղիկի ճիչը, գոռոցը:
ՔՆԱՐ — Աստղիկն է:
Օհանն ու Քնարը վազում են Աստղիկի սենյակ: Աստղիկը նրանց հրելով ներխուժում է հյուրասենյակ, նրան գրկում են, պառկեցնում են բազմոցին, նա ճչում է, փորձում ազատվել, Քնարն ու Օհանը պահում են:
ՕՀԱՆ — Լոմկա է:
ՔՆԱՐ — Պիտի դիմանաս, աղջիկ ջան, այսքան օր դիմացել ես` մի քիչ էլ դիմացիր:
ԱՍՏՂԻԿ — Էլ չեմ կարող, չեմ ուզում… Թողեք, ես պետք է դուրս գամ, թե չէ կսատկեմ, հասկանո՞ւմ եք…
ՕՀԱՆ — Հարութն ասել է, որ չթողնենք, ոչ մի դեպքում:
ԱՍՏՂԻԿ — Հարո՞ւթ… Ի՞նչ Հարութ, Հարութն ի՞նչ է հասկանում իմ վիճակը, դե թողեք…
ՔՆԱՐ — Համբերիր, սիրունս, համբերիր, ուր որ է` կգա:
ԱՍՏՂԻԿ — Որ եկավ ի՞նչ… Թողեք:
ՕՀԱՆ — (բաժակը գինի լցնելով): Առ, սա խմիր, կօգնի:
ԱՍՏՂԻԿ — (խմելով): Չի օգնի, դա քեզ կարող է օգնել, ինձ չի օգնի…
Գալիս է Հարութը:
ՕՀԱՆ — Ահա…
ՔՆԱՐ — Վատ է Աստղիկը, Հարութ, մի բան արա:
ՀԱՐՈՒԹ — (հաբեր է հանում գրպանից): Ջուր բերեք: (Հաբերը տալիս է Աստղիկին:) Խմիր սրանք:
ԱՍՏՂԻԿ — (խմում է հաբերը Քնարի բերած ջրով): Քիչ է:
ՀԱՐՈՒԹ — Ավել չեմ տա, կամաց-կամաց պիտի ետ գաս, ուրիշ ելք չկա:
ԱՍՏՂԻԿ — Քիչ է, Հարութ, քիչ է… սատկում եմ:
ՀԱՐՈՒԹ — (գրկելով): Լավ կլինի, չվախես, դիմացիր. հիմա կընթրենք, կզրուցենք, հեռուստացույց կնայենք…
ԱՍՏՂԻԿ — Գրողի ծոցը հեռուստացույցը, գրողի ծոցը ընթրելը… Հարութ, թող, ես գնամ, բան դուրս չի գա, քեզ կարգին աղջիկ գտիր:
ՀԱՐՈՒԹ — Ինձ համար դու ամենակարգին աղջիկն ես, եղա՞վ, ինձ համար դու, Օհանը, Քնարը ամենակարգին մարդիկն եք ու մենք դեռ ապացուցելու ենք էս աշխարհին…
ԱՍՏՂԻԿ — Ես ապացուցելու բան չունեմ, Հարութ, ես փորձանք կբերեմ գլխիդ, թող՝ գնամ:
ՀԱՐՈՒԹ — Ոչ մի դեպքում: Դու իմ կինն ես, հասկացա՞ր, պետք է դիմանաս, և վերջ, կամքդ հավաքիր, այլընտրանք չկա:
ԱՍՏՂԻԿ — Կա: (Պոկվում, վազում է դեպի լուսամուտը, փորձում է բացել փեղկը:)
ՀԱՐՈՒԹ — (հասնում` բռնում է): Զանգեք շտապօգնություն, շուտ:
ՕՀԱՆ — Ես չգիտեմ` դա ոնց են անում:
ՔՆԱՐ — Ես էլ:
ՀԱՐՈՒԹ — Բռնեք նրան…
Օհանն ու Քնարը գրկում են Աստղիկին, Հարութը շտապօգնություն է զանգում:
Պատկեր 3
Քնար, Օհան, այնուհետև` Հարութ, Իսկուհի: Քնարը դաշնամուրի մոտ է, երգում է:
ՕՀԱՆ — Այսօր գնացի մերոնց մոտ…
ՔՆԱՐ — Ի՞նչ… Բան ասացի՞ր…
ՕՀԱՆ — Մի երգիր, երբ ամուսինդ խոսում է հետդ:
ՔՆԱՐ — Ահա, չեմ երգում, ասա:
ՕՀԱՆ — Ասում եմ` մերոնց մոտ գնացի այսօր, դու մուշ-մուշ քնած էիր. ցերեկով ո՞նց ես քնում, չեմ հասկանում:
ՔՆԱՐ — Դրսերում այնքան չքնեցի` հիմա մարմինս լրացնում է: Իմ քնելը քեզ ներվայնացնո՞ւմ է:
ՕՀԱՆ — Չէ, քնիր` ինչքան սիրտդ ուզում է, մենակ թե վնաս չտա:
ՔՆԱՐ — Չի տա, մի անհանգստացիր: Բայց իզուր ես գնացել, Օհան, բոմժությունը թմրամոլության պես է, կքաշի-կտանի նորից: Աստղիկի ուտելիքը գոնե տարա՞ր հիվանդանոց:
ՕՀԱՆ — Հա, իհարկե, տարա, հետն էլ մի քիչ զրուցեցի հետը:
ՔՆԱՐ — Ո՞նց է:
ՕՀԱՆ — Արդեն լավ է, աչքերի տագնապն անցել է, իհարկե, մի քիչ թույլ է, բայց դա էլ կանցնի, բժիշկի հետ խոսեցի, ասեց` լավ կլինի, մի անհանգստացեք, պարոն Օհան:
ՔՆԱՐ — Մերո՞նք ոնց են:
ՕՀԱՆ — Լավ են, ի՞նչ է եղել:
ՔՆԱՐ — Աշուն է, ցուրտ օրեր են գալիս, պրոբլեմներ…
ՕՀԱՆ — Դե հա, կամաց-կամաց քաշվում են կայարանի մոտի էն կիսակառույց շենքը:
ՔՆԱՐ — Երեկ հեռուստատեսությամբ ասեցին` ուզում են հիմնովին քանդեն այդ շենքը, քանդեն` տեղը նորը կառուցեն:
ՕՀԱՆ — Մի պստիկ տեղ չեն թողնի ազատ մարդկանց համար, ինչ ասես` կառուցում են, չեն մտածում` մի հատ գիշերօթիկ կառուցեն, անտուն մարդիկ ծածկի տակ մտնեն, ցրտից պաշտպանվեն…
ՔՆԱՐ — Ազատ մարդուն ծածկն ի՞նչ պետք է, բա ազատ մարդը կխնդրի, որ իր համար գիշերելու տեղ կառուցե՞ն, բա ազատ մարդն առհասարակ կխնդրի՞:
ՕՀԱՆ — Չհասկացա, եթե ազատ է, ուրեմն անձրևն ու ձյունը գլխին թափվե՞ն:
ՔՆԱՐ — Այո, անձրևն էլ է ազատ, ձյունն էլ, մարդն էլ, թող լեզու գտնեն իրար հետ:
ՕՀԱՆ — Ասում են, չէ՞, մազը երկար, խելքը կարճ: Սոնիկն է մեռել:
ՔՆԱՐ — Խեղճ: Պրծավ: Օհան, Սոնիկին սիրել ես, չէ՞, անկեղծ ասա, տեսել եմ, թե ոնց էիր ձեռքը շոյում:
ՕՀԱՆ — Վաղուց էր դա, Քնար, վաղուց և սուտ… Այնպես ստացվեց, որ ես մի քանի օր բացակայեցի, Գյումրիի բիենալեին էի հրավիրված, ժյուրիի մեջ էի, եկա, տեսնեմ` Կիրակոսի հետ է, ասեց` «Ներիր, կարծում էի` էլ չես գա», ուզում էր նորից իրար հետ լինենք, բայց ես մերժեցի, այդ էր պակաս, Կիրակոսից հետո… Պատկերացնո՞ւմ ես… Գոնե Մարտիրոսը լիներ: Ամեն դեպքում, վատ աղջիկ չէր: Քաղաքապետարանը թաղել է, վրան համար է դրել` 1763. ծննդյան թվականի հետ համընկել է, հետաքրքիր է, չէ՞:
ՔՆԱՐ — Ըստ քեզ Սոնիկը երկու հարյուր հիսուն տարեկա՞ն էր:
ՕՀԱՆ — Մի թվի տարբերություն է ընդամենը, յոթի տեղը ինը լիներ` ճիշտ իր ծննդյան թիվն էր:
ՔՆԱՐ — Նույնիսկ ծննդյան թիվը գիտես:
ՕՀԱՆ — Մի խանդիր, այսինքն` խանդիր, քեզ սազում է:
ՔՆԱՐ — Ոչ էլ խանդում եմ:
ՕՀԱՆ — Ես թվերի մոգությանը չեմ հավատում, չկարծես, բայց դե, ինչ իմանաս…
ՔՆԱՐ — Ի՞նչ իմանաս:
ՕՀԱՆ — Ինչ իմանամ: Լսիր, իսկապես, հենց խանդում ես` սիրո հրեշտակի պես սիրունանում ես: (Գրկում է Քնարին:)
ՔՆԱՐ — Սպասիր, Օհան…
ՕՀԱՆ — Գնանք մեր սենյակ:
ՔՆԱՐ — Մնա գիշերով, էլի… Ինչ անհամբեր ես…
ՕՀԱՆ — (թողնելով Քնարին) Եկավ: Միշտ անպատեհ է գալիս մեր որդին:
ՔՆԱՐ — Ի՞նչ իմացար` գալիս է:
ՕՀԱՆ — Ես կատվի լսողություն ունեմ:
ՔՆԱՐ — Չէ, լուրջ:
ՕՀԱՆ — Առաջին հարկի պուդելը հաչաց, Հարութի վրա է էդպես հաչում:
ՔՆԱՐ — Մի բան հարցնեմ, բայց` անկեղծ:
ՕՀԱՆ — Քո առաջ ո՞նց կկեղծեմ, հարցրու:
ՔՆԱՐ — Հարութի նկատմամբ հայրական զգացմունքներ ունե՞ս:
ՕՀԱՆ — Գիտե՞ս, ինչ-որ տաք զգացումներ ունեմ, բայց համոզված չեմ, որ հայրական են… Ինձնից է, ես հարազատ որդուս նկատմամբ նույնիսկ չունեի հայրական զգացմունքներ, սխալ մարդ եմ, կամ էլ` ճիշտ…
ՔՆԱՐ — Դու որդի՞ ունես:
ՕՀԱՆ — Ի՞նչ իմանամ… Համենայնդեպս` սաղմնավորվել էր ոնց որ, Բաթումում էր, մի թմբլիկ հրեա կին, հենց իմացա հղի է` թռա:
ՔՆԱՐ — Եթե հրայի վրայից թռել ես` ուրեմն իսկապես սատանա ես:
ՕՀԱՆ — Ես մեղք չունեմ, Քնար, իրեն զգուշացրել էի` հղիանաս` գնալու եմ, ես ազատ մարդ եմ, իմ ձեռքերը կապել անկարելի է: Էնքան էլ հարուստ տուն-տեղ ուներ… Թողեցի` թռա: (Քնարը համբուրում է Օհանին:) Բա ո՞նց, սիրունս, մնայի, որ չհանդիպեի՞նք իրար: Իմ սիրտը վկայում էր, որ գալու է ճակատագրական կինը, իր անհատակ, կործանիչ աչուկներով…
ՔՆԱՐ — Ո՜նց ես ուտում խելքս, ո՜նց ես ուտում… Մի օր էլ երևի իմ վրայից կթռնես:
ՕՀԱՆ — Քո վրայից` երբեք: Վախենամ դու թռնես, դա իմ մղձավանջային երազն է, սարսափած արթնանում եմ, տեսնում եմ` կողքիս ես, նոր խաղաղվում եմ, ասում եմ` փառքդ շատ, Տեր, որքան բարի ես իմ նկատմամբ, որքան շռայլ…
ՔՆԱՐ — Ո՜նց է երգում դեղձանիկս, ո՜նց է երգում…
Գալիս է Հարութը:
ՀԱՐՈՒԹ — Էլի երգո՞ւմ է հայրիկը, ինչ լավ է, բարի երեկո:
ՔՆԱՐ — Բարի երեկո, տղաս: Հոգնած ես:
ՕՀԱՆ — Շատ ես աշխատում, Հարութ, այդպես չի կարելի, մի քիչ խնայիր քեզ:
ՔՆԱՐ — Ընտանիք է պահում խեղճը, ի՞նչ անի, հե՞շտ է այսքանիս պահելը, մեկն էլ` հիվանդանոցում:
ՀԱՐՈՒԹ — Ձեզ որ էսպես սերով, համերաշխ տեսնում եմ` հոգիս լցվում է, դա ինձ հերիք է:
ՕՀԱՆ — Չէ, գուցե մենք էլ մի տեղ մտնենք գործի, ճիշտ է` երբեք չեմ աշխատել, բայց դե մի օր պետք է սկսել, ինչպես ասում են` լավ է ուշ, քան առհասարակ:
ՀԱՐՈՒԹ — Չեմ ուզում` քո ազատական սկզբունքներին դեմ գնաս, ծանր տեղդ թեթև մի անի:
ՕՀԱՆ — Չէ, չեմ ասում` բանվոր-մանվոր, բայց, ասենք, պահակ-մահակ…
ՀԱՐՈՒԹ — Գինու գործարանում:
ՕՀԱՆ — Դո՛ւ ասացիր:
ՀԱՐՈՒԹ — Դուք վաստակած հանգստի եք, վայելեք ձեր հանգիստը: Ի՞նչ ճաշ է եփել այսօր մեր մամուլիկը:
ՔՆԱՐ — Ճա՞շ… Վայ… Խելք է թողնո՞ւմ էս սատանան:
ՕՀԱՆ — Այս խնդրի մեջ է՞լ ես մեղավոր եղա: (Հարութին.) Ճաշ եփող ես գտել, նա ո՜ւր, ճաշ եփելն ո՜ւր…
ՔՆԱՐ — Ինչո՞ւ, սատանա, երեկվա բորշը վա՞տն էր:
ՕՀԱՆ — Ձեռքիդ տակ ընկածը գցում ես կաթսայի մեջ, անունը դնում` բորշ: Բորշը գիտե՞ս ինչ է… Վերցնում ես կես կիլո խոզի, կես կիլո տավարի միս…
ՔՆԱՐ — Կես կիլո էլ` այծի:
ՀԱՐՈՒԹ — Լավ, մի վիճեք:
ՔՆԱՐ — Կներես, էլի, տղաս, լրիվ թռել էր մտքիցս:
ՀԱՐՈՒԹ — Թռել էր` թռել էր, սարսափելի բան չկա, մի նեղվիր, հաց-պանիր-երշիկ կուտենք:
ՕՀԱՆ — Իսկ մեր տղան այսօր պատահաբար գինի չի՞ բերել:
ՀԱՐՈՒԹ — Ոչ:
ՕՀԱՆ — Ափսոս:
ՀԱՐՈՒԹ — Պայմանավորվել ենք, չէ՞, այլևս չենք խմում: Դե, մի թթվի, հո հարբեցողների տուն չի, կարգին ընտանիք ենք, ուր որ է` Աստղիկն էլ կվերադառնա: Ի դեպ, ինչո՞ւ չգնացիր մոտը, առավոտյան ասեցիր` կգնամ:
ՔՆԱՐ — Ո՞նց չի գնացել… Գնացել է, բժիշկի հետ էլ խոսել է:
ՕՀԱՆ — Չէ, ուզում էի գնալ, նույնիսկ կանգառին հասա, բայց հետո իմացա, որ Սոնիկը մահացել է, տրամադրությունս փոխվեց մի տեսակ…
ՀԱՈՒԹ — Սոնիկն ո՞վ է:
ՕՀԱՆ — Հեչ… Մեր հին ընկերներից…
ՔՆԱՐ — Ուրեմն սուտ ասացի՞ր:
ՕՀԱՆ — Օֆ… Բայց ես էսպես չեմ կարող, Հարություն… Ես հիսուն տարի է` խմում եմ, հասկանո՞ւմ ես, քո տարիքի կրկնակին է դա, հիմա դու եկել` ուզում ես արմատախիլ անել ինձ իմ արմատներից… Չեմ հասկանում, ուզում ես զրկե՞լ ինձ իմ անցյալից, իմ պատմությունից, ես կասեի` ավանդույթներից:
ՀԱՐՈՒԹ — Այո, ուզում եմ: Չէ, ես, իհարկե, կարող եմ երեկոյան մի բաժակ թույլ տալ… բայց դուք մեկ բաժակով յոլա գնացող չեք, չէ՞, պարոն:
ՕՀԱՆ — Չէ, ինչ ճիշտ է` ճիշտ:
ՀԱՐՈՒԹ — Տեսնո՞ւմ ես… Չէ, ավելի լավ է` արմատախիլ անենք, կեցցե սթափությունը:
ՕՀԱՆ — Առողջ հոգին` առողջ մարմնի մեջ. լսել ենք այդ սենտենցիան: Բայց իմ հոգին դրանից չի առողջանում, հակառակը, մտքովս սկսում են վատ բաներ անցնել, մեկ էլ հանկարծ ուզում եմ, ասենք, խեղդել Քնարին:
ՔՆԱՐ — Ի՞նձ… Այ քեզ բան… Ինչո՞ւ, սատանա…
ՕՀԱՆ — Ինչո՞ւ… ի՞նչ իմանամ: Երևի խանդի հողի վրա:
ՔՆԱՐ — Բայց ես քեզ ե՞րբ եմ առիթ տվել:
ՕՀԱՆ — Դե, չես տվել` կտաս, բոլոր կանայք էլ վաղ թե ուշ տալիս են, դու բացառություն չես, ուստի լավ է գլխից դեմն առնել, այսպես ասած` եղունգ ունես…
ՀԱՐՈՒԹ — Հայրիկ, ստոպ, ֆոկուսներ մի անի, ալկոհոլիկների հնարքներն ինձ ծանոթ են:
ՕՀԱՆ — Ծանոթ են, ծանոթ են… Ոչ էլ ծանոթ են… Եվ ալկոհոլիկ չեմ ես, խմող եմ, ընդամենը:
ՀԱՐՈՒԹ — Չխաբենք ինքներս մեզ: Գիտե՞ս ինչ եմ մտածել:
ՕՀԱՆ — Ի՞նչ… Է՞լ ինչ կտտանք ես մոգոնել խեղճ ծերուկիս համար:
ՀԱՐՈՒԹ — Աստղիկը բուժվի` գա, քեզ ենք տանելու նարկոլոգիական հիվանդանոց:
ՕՀԱՆ — Ասում էի, չէ՞…
ՀԱՐՈՒԹ — Արդեն խոսել եմ բժիշկի հետ, մի տաս-տասներկու օրում կբուժեն, թարմ ու առողջ կվերադառնաս տուն:
ՔՆԱՐ — Ամբողջ տասներկու օ՞ր…
ՀԱՐՈՒԹ — Քեզ էլ` նրա հետ, մայրիկ, պրոֆիլակտիկ կարգով, միասին կլինեք, կարոտը չի տանջի:
ՕՀԱՆ — Պատմական զուգահեռով ասած` ահա այն սուրը, որ սպանելու է խեղճ հորը, կսպանի նաև տարաբախտ մորը:
ՀԱՐՈՒԹ — Ես մեր լավն եմ ուզում, հասկացեք:
ՕՀԱՆ — Հասկացանք, ուզում ես, այո, մեր լավը:
ՀԱՐՈՒԹ — Ուզում եմ մեր ընտանիքն առողջ լինի, ամուր լինի…
ՕՀԱՆ — Ուզում ես, բա ո՞նց:
ՀԱՐՈՒԹ — Կռիվ ենք տալու աշխարհին, չէ՞:
ՕՀԱՆ — Տղա ջան, ռոմանտիկ մանչ, քո ազնիվ մղումները հարգում եմ, անշուշտ, բայց հասկացիր` ձանձրալի է, տաղտկալի, մենք աստղերի տակ ազատ ապրելու սովոր մարդիկ ենք, խմենք` երբ ուզենք, պառկենք` երբ ուզենք, ուտենք…
ՀԱՐՈՒԹ — Երբ ձեռքներս ընկնի:
ՕՀԱՆ — Թեկուզ, ուտելը գերխնդիր չէ:
ՀԱՐՈՒԹ — Խմելն է գերխնդիր, գիտեմ:
ՕՀԱՆ — Է՜… Ահա, նայիր այս խեղճ կնոջը, ձանձրույթից ամբողջ օրը երգում է, նստում է դաշնամուրի մոտ ու երգում, երգում, երգում…
ՔՆԱՐ — Երգս ձեզ դուր չի գալիս ուրեմն, պարոն Օհան, իսկ երբ ինձնից ինչ-որ բան է պետք, ինչո՞ւ ես ստում` սոխակս, Ջոան Սադերլենդս, Գոհար Գասպարյանս…
ՕՀԱՆ — Չէ, սխալ հասկացար, սոխակս, դուրըս շատ է գալիս, բայց ամբողջ օրը, անդադար… Հասկանում եմ, դու էլ մեղք չունես, ձանձրույթից է, տաղտուկից:
ՔՆԱՐ — Դու էլ քո հիմար գնչուական երգերն ես կլկլացնում` Չավալե, Ռոմալե, եսիմ ինչ:
ՕՀԱՆ — Տեսնո՞ւմ ես, տղաս, մենք արդեն հոգնեցնում ենք միմյանց:
ՀԱՐՈՒԹ — Դուրս եկեք, զբոսնեք, կինո գնացեք, թատրոն…
ՕՀԱՆ — Կինո, թատրոն… Փող ունե՞նք:
ՀԱՐՈՒԹ — Կտայի, չեմ ափսոսում, բայց, ախր, խմիչքի ես տալու, խոստովանիր:
ՕՀԱՆ — Այո, հնարավոր է, մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես ճշմարտախոս մարդ եմ:
ՀԱՐՈՒԹ — Բուժումից հետո կտամ, բուժումից հետո ձեզ արտասահման կուղարկեմ, կրուիզ, լուրջ եմ ասում, ուր ուզեք: Իսկ հիմա եկեք հաց ուտենք, ես սոված եմ:
ՕՀԱՆ — Դու կեր: Իմ կոկորդով հաց չի իջնի այլևս:
ՀԱՐՈՒԹ — (հոտ առնելով): Բայց դու ոնց որ արդեն խմել ես…
ՕՀԱՆ — Մի բաժակ ընդամենը. այգում տղերքին տեսա, նստեցինք, խոսեցինք… Ասին` Սոնիկը մահացավ… էդպես: Ի՞նչ ես նայում… Դե, դուռն էլ վրաս փակիր` պրծնենք:
ՀԱՐՈՒԹ — Չէ, էսպես չի լինի…
ՕՀԱՆ — Ես էլ եմ ասում:
ՀԱՐՈՒԹ — Ես շուտ կգամ:
ՔՆԱՐ — Ո՞ւր, քաղցած էիր ախր:
ՀԱՐՈՒԹ — Մոտիկ տեղ է, շուտ կգամ:
Հարութը դուրս է գալիս:
ՔՆԱՐ — Գնաց գինի բերի. կյանքը կերար խեղճ տղայի:
ՕՀԱՆ — Թե չէ դու չես խմի:
ՔՆԱՐ — Դեհ, կխմեմ մի բաժակ, ինչո՞ւ ոչ: Արի տեսնենք սառնարանում ինչ կա:
ՕՀԱՆ — (սառնարանը բացելով): Ի՞նչ կա… Հաց, պանիր, կարագ, ձու, էլի ձու, և էլի ձու:
ՔՆԱՐ — Ձվածեղ կսարքեմ:
ՕՀԱՆ — (քթի տակ): Իբր ուրիշ ի՞նչ ես կարող, որ…
ՔՆԱՐ — Ի՞նչ ես փնթփնթում, սատանա:
ՕՀԱՆ — Ոչինչ: Կարծում եմ` գինի չէ, օղի է բերելու:
ՔՆԱՐ — Իսկ ես կարծում եմ` գինի:
ՕՀԱՆ — Արի գրազ գանք:
ՔՆԱՐ — Արի չգանք: Ես գնամ խոհանոց ձվածեղ սարքելու:
ՕՀԱՆ — Գնա, գնա, կապվիր խոհանոցին, դարձիր սովորական կնիկ, բայց հիշիր` Օհանն ազատ կանանց է սիրում:
ՔՆԱՐ — Լավ, հանուն քո սիրո` չեմ գնա, այլևս չեմ մտնի խոհանոց, երբեք:
ՕՀԱՆ — Չհասկացա, քաղցած մնա՞նք:
ՔՆԱՐ — Դո՛ւ գնա, մի անգամ էլ քո սարքածն ուտենք:
ՕՀԱՆ — Եվ դու ինձ կսիրե՞ս այդքանից հետո:
ՔՆԱՐ — Գժի պես:
ՕՀԱՆ — Բայց մեկ է` չեմ գնա, սկզբուն- քորեն: (Երգում է.) «Խնդա, պա-յաց, քո կործանված սիրո վրա»:
ՔՆԱՐ — Հիմա ի՞նչ ես առաջարկում:
ՕՀԱՆ — Հաց ու պանիր` արդար կերակուր: (Վերցնում է կիթառը, երգում:) Էխ, չավալե…
Օհանը երգում է, Քնարը միանում է նրան, պարում են: Դուռը բացվում է, ներս է գալիս Իսկուհին:
ՔՆԱՐ — Սա՞ ով է:
ՕՀԱՆ — Երևի դուռը շփոթել է տատիկը:
ՀԱՐՈՒԹ — (գալով): Ոչինչ էլ չի շփոթել, ծանոթացեք, Իսկուհի տատն է:
ԻՍԿՈՒՀԻ — Ձեր խոնարհ ծառան:
ՕՀԱՆ — Ծառայի նման չի:
ՔՆԱՐ — Ոչ էլ խոնարհի:
ԻՍԿՈՒՀԻ — Խորհուրդ չէի տա ինձ հետ հարաբերություններ փչացնել:
ՔՆԱՐ — Ներս չմտած` սպառնում է:
ՀԱՐՈՒԹ — Հանգիստ, ժողովուրդ, ուրիշ մարդ չի, տատիկն է, իմ տատիկը:
ՕՀԱՆ — Այո՞… Իսկ ո՞ւմ մայրիկն է, ի՞մ, թե՞ Քնարի:
ՀԱՐՈՒԹ — Երկուսիդ, ասված է, չէ՞, այր ու կին` մեկ մարմին: Մի խոսքով` մեր տատիկն է: Ես վաղուց էի մտածել, որ էս տունը մեծի կարիք ունի` ապրած, իմաստուն…
ՕՀԱՆ — Մենք, ուրեմն, հեչ, փոքր ենք ու անիմաստ:
ՀԱՐՈՒԹ — Դե չէ, անմիջապես նեղանում ես… ավանդաբար էդպես է` հայի տունը առանց մեծի չի լինում, ոնց որ թերի լինի:
ՕՀԱՆ — Պարզ է, վաղն էլ պապիկ կբերի: Չէ, տիկին Քնար, մենք մեր իրերը կամաց-կամաց հավաքենք…
ԻՍԿՈՒՀԻ — Կարծում եմ` շատ երկարեցին այս դեբատները, խնդրում եմ որոշես, թոռնիկս, ես մնո՞ւմ եմ, թե՞ գնում:
ՀԱՐՈՒԹ — Իհարկե, մնում ես, տատի, նրանք բարի են, ձև են անում:
ՔՆԱՐ — (վիրավորված): Հա, մենք ձևական մարդիկ ենք:
ՀԱՐՈՒԹ — Ուֆ, ոնց որ երեխա լինեք:
ՕՀԱՆ — Լավ, իսկ որտեղի՞ց ես գտել այս, մեղմ ասած, սուբյեկտին:
ԻՍԿՈՒՀԻ — Սրա ականջները քաշելու եմ:
ՕՀԱՆ — Այս էկզեկուտորին:
ՀԱՐՈՒԹ — Տատին Արտաշատի կողմերից է, առավոտյան գալիս է մայրաքաղաք, էստեղ բան է անում…
ԻՍԿՈՒՀԻ — Բիզնես:
ՀԱՐՈՒԹ — Հա: Երեկոյան նորից գնում է իր գյուղը:
ՔՆԱՐ — Բիզնես վումըն:
ՕՀԱՆ — Շարքային մուրացկան:
ԻՍԿՈՒՀԻ — Չափավորեք ձեր խոսքը, պարոն, ես մուրացիկ չեմ, ճիշտ է, փող վերցնում եմ, բայց չեմ մուրում, այդ էր պակաս, պարզապես ասում եմ` հարգելիս, վիճակս այս պահի դրությամբ այնքան էլ բարվոք չէ, եթե հնարավորություն ունեք, կիսվեք. ինչպես ասում է ամերիկյան ասացվածքը` հացը գցիր ջուրը` կարագը վրան քսած ետ կստանաս:
ՕՀԱՆ — Եվ ի՞նչ, տալի՞ս են:
ԻՍԿՈՒՀԻ — Տալիս են: Մարդիկ վատը չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, մոտեցման ձևերն են սխալ, մենք չենք սովորում միմյանց հանդուրժել, հարգել, սիրել վերջապես… Մենք չենք սովորում միմյանց խորքերը տեսնել, ժամանակ չունենք, վազվզոցի մեջ ենք, հրմշտոցի մեջ… Ունայնություն` ունայնությանց:
ՕՀԱՆ — Ասել կուզի` դուք տեսնո՞ւմ եք մարդկանց խորքը, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Նայի՛ր աչքերիս…
ՕՀԱՆ — (վախեցած): Ինչո՞ւ:
ԻՍԿՈՒՀԻ — Նայի՛ր` քեզ ասում եմ:
ՕՀԱՆ — (նայելով): Բռռռ, գնչուների մեջ եմ մեծացել, հյուսիսի շամանների հետ եմ խմել, բայց ոչ ոք սրա արծվենի հայացքը չունի:
ՔՆԱՐ — Ես կասեի` ագռավենի:
ԻՍԿՈՒՀԻ — Սուս, թե չէ քեզ էլ կնայեմ: (Շարունակ նայելով Օհանի աչքերին:) Մանր խաբեբա է, այո… արկածախնդիր… Բայց վատ մարդ չի, հոգու խորքում բարի է, թեև ինքնասիրահարված է, նարցիս… Բայց գինով կուտվի, ոչինչ, ներշնչման մի երկու սեանս` և էգոիստը կդառնա ալտրուիստ: Մի րոպե… Նա հարբեցող է, հա՞…
ՕՀԱՆ — Դե, դե…
ԻՍԿՈՒՀԻ — Հարբեցող է, այո, լյարդը իջած է, հոգեկանը` դեպրեսիաների ենթակա, թեև ունենում է մանիակալ հրճվանքների փուլեր:
ՕՀԱՆ — Ինչե՞ր ես հնարում, ջադու:
ԻՍԿՈՒՀԻ — Լուրջ բուժման կարիք ունի, այլապես` ցիռոզ, խոր ընկճախտ, վերջապես պսիխոզ և…
ՕՀԱՆ — Ի՞նչ…
ԻՍԿՈՒՀԻ — Այն աշխարհ, ի՞նչ… Բա ի՞նչ էիր սպասում, հիսուն տարի խմել ես, ուզում ես մի այդքան էլ խմե՞լ…
ՕՀԱՆ — Ինչ էլ իմացավ` հիսուն:
ԻՍԿՈՒՀԻ — Ձեր լիմիտը սպառված է, սիրելիս, բայց չվհատվեք, հիմա դա բուժում են: (Քնարին.) Առաջ եկեք, տիկին: Լավ, ես կգամ, եթե լյառը չի գալիս, մենք ենք գնում, գոռոզ չենք:
ՔՆԱՐ — Չի լինի՞՝ չգաք:
ԻՍԿՈՒՀԻ — Չի լինի: Աչքերիս, ուղիղ… (Նայելով Քնարի աչքերին:) Հրեշտակային կին է, մեղմ, փափուկ, զիջող… Գառնուկս, սիրեցի քեզ: (Օհանին.) Բախտդ բերել է, սատանա:
ՕՀԱՆ — Դու էիր պակաս…
ԻՍԿՈՒՀԻ — (շարունակելով նայել Քնարի աչքերին): Բայց շուտ վիրավորվող է, խեղճս, ծանր մանկության հետևանքն է… պատանե- կությունն էլ մի բան չի եղել… հասուն տարիքն էլ…
ՔՆԱՐ — Ճիշտ է:
ԻՍԿՈՒՀԻ — Հաճախակի սիրահարվող է… Հիմա էլ սիրահարված է կարծես, հա՞:
ՔՆԱՐ — Դե… ոնց ասեմ…
ԻՍԿՈՒՀԻ — Ուրախացիր, սատանա, այս հրաշալի կինը սիրում է քեզ:
ՕՀԱՆ — Ճշմարի՞տ է ասում վհու… տատիկը:
ՔՆԱՐ — Ոչ, երբեք:
ՕՀԱՆ — Ուրեմն ճշմարիտ է: (Իսկուհուն.) Տատիկ…
ԻՍԿՈՒՀԻ — Քեզ համար ես տատիկ չեմ, մի շփոթիր:
ՕՀԱՆ — Մայրիկ… Այսպես լա՞վ է:
ԻՍԿՈՒՀԻ — Լավ է, շարունակիր:
ՕՀԱՆ — Քո մասին բան չպատմեցիր, մայրիկ, հայտնի արա ինքնությունդ, ճանաչենք, որովհետև, որքան կռահում եմ, այս տանն ես ապրելու:
ՀԱՐՈՒԹ — Տատին ծանր կյանք է ունեցել, հորն ու մորը երեսունյոթին աքսորել են:
ՕՀԱՆ — Որբ է:
ԻՍԿՈՒՀԻ — Այո, չորս տարեկանից: (Արտասվում է, ինչ-որ երգ է մռմռում քթի տակ:)
ՔՆԱՐ — (թաշկինակ տալով): Լաց մի եղիր, տատի, լավ, էլի:
ԻՍԿՈՒՀԻ — Լացեմ, էլի:
ՔՆԱՐ — Ախր, ես էլ կլացեմ:
ԻՍԿՈՒՀԻ — Լացիր, աղջիկս, լացը մաքրում է: Լացեք, տիկնայք և պարոնայք, մի ամաչեք, լացից ամաչել պետք չէ, գողություն, խարդախություն, թալան անելիս է պետք ամաչել: (Օհանին.) Լացիր, սատանա:
ՕՀԱՆ — (ձևական լալիս է, գոռալով, ողբաձայն): Լա՞վ է:
ԻՍԿՈՒՀԻ — (ուշադիր նայելով Օհանի աչքերին): Աստված իմ, նա իսկապես լաց է լինում, աչքերը թացացան, նայեք… Մարդ ես դառնում, Օհան…
ՕՀԱՆ — Ձեռ քաշիր:
ԻՍԿՈՒՀԻ — Էլ քեզ սատանա չեմ ասի:
ՕՀԱՆ — Շնորհակալ եմ:
ԻՍԿՈՒՀԻ — Միայն Հարութս չի լալիս, բայց գիտեմ` նա էլ ներսում է լաց լինում: Դեհ, պատմեմ իմ մասին, քանզի հետաքրքրվեցիք:
ՕՀԱՆ — Ընթացքում չլացես, էլի, տա… մայրիկ:
ԻՍԿՈՒՀԻ — Ոնց ստացվի, տղաս: Ուրեմն, իմոնց ասեմ, աքսորյալ ծնողներս չվերադարձան, երևի գնդակահարել էին, կամ էլ մահացել էին սովից ու ցրտից… (Թաշկինակը տանում է աչքերին:)
ՕՀԱՆ — է՜…
ԻՍԿՈՒՀԻ — Հանգիստ, քիթս եմ աքրում: (Քիթը մաքրելով:) Լուսահոգի ծնողներս, ուրեմն, չվերադար- ձան, ես ընկա որբանոց, սկսվեց հայրենական պատերազմը…
ՕՀԱՆ — Նրա մանկատուն ընկնելուն էր սպասում:
ԻՍԿՈՒՀԻ — Մի խանգարի, սատանա: Ուրեմն…
ՕՀԱՆ — Հայրենականը սկսվեց:
ԻՍԿՈՒՀԻ — Այո: Տակավին աղջնակ` տպարանում աշխատանք տվին, սկզբում տանող-բերող էի, ապա գրաշար, իսկ պատերազմից հետո ընդունվեցի համալսարան: Ախ, ինչ անուշ էին ուսանողական տարիները… Հետո ուղարկեցին գյուղ, գյուղական դպրոցում քիմիա էի դասավանդում:
ՕՀԱՆ — Հաշ երկու օ:
ԻՍԿՈՒՀԻ — Ամբողջ քիմիայից միայն դա՞ գիտես:
ՕՀԱՆ — Մեկ էլ գինու սպիրտի ֆորմուլան, ասե՞մ:
ՔՆԱՐ — Մի խանգարիր մայրիկին, Օհան, մտքի թելը կկտրվի:
ԻՍԿՈՒՀԻ — Չի կտրվի, աղջիկս, պինդ է: Ուրեմն… Որտե՞ղ կանգ առա:
ՀԱՐՈՒԹ — Քիմիայի դասատու էիր գյուղի դպրոցում:
ԻՍԿՈՒՀԻ — Այո, քիմիա, գազեր, հեղուկներ, պինդ նյութեր… հա… հալոգեններ, թթուներ, օքսիդներ… Մենդելեևի աղյուսակ…
ՕՀԱՆ — Գյուղում էիր, մայրիկ:
ԻՍԿՈՒՀԻ — Այո, գյուղում, ես էլ դա եմ ասում, էլի… Գյուղում, ուրեմն, տուն տվին, ամուսին…
ՕՀԱՆ — Տվի՞ն:
ԻՍԿՈՒՀԻ — Հենց այդպես: Գյուղխորհրդի նախագահն ասաց` ահա Պաղդասարը, հայրենադարձ է, ազնվագույն մարդ, հող ենք տվել, տուն է սարքում, միացիր, ընտանիք կազմեք, ապրեք: Կազմեցինք: Երեխա չունեցանք, Պաղդիկը չէր ուզում, ասում էր` չշտապենք կոր, վիճակնիս սուղ է դեռ, հաջորդիվ: Նա այդպես էլ չինտեգրվեց հայրենիքում, մի հարմար առիթով թռավ արտասահման ու էլ չվերադարձավ: Լավ էլ արեց, իր ասածին, էգոիստ, շահամոլ մարդ էր, երկու անգամ աբորտ անել ստիպեց սրիկան: Տարիներ անց մեկ անգամ էլ ամուսնացա, մի խեղճ ամուրի էր, զավակները լավ չէին նայում, իրեն օտարված էր զգում իր տանը, ասացի` մնա, Ղազարոս… Չէ, Ստեփանոս… Չէ… Մի խոսքով, կարևոր չէ, մնաց: Երկար տարիներ ապրեցինք համատեղ, պաթոլոգիկ չխոսկան մարդ էր, ասում էի` ձայն հանիր, մարդ աստծո, ասում էր` ինչ ասեմ, ամեն ինչ ասված է: Էդպես սուսուփուս` տնամերձն էր մշակում, բադրջան-պամիդոր-վարունգ… Մեռավ, հենց բանջարա- նոցում, բերանքսիվայր տա- պալվել էր խեղճը, ինֆարկտ: Վայ Սեդրակ, վայ… Թե՞ Վաղինակ…
ՕՀԱՆ — Վաղինակ կլիներ, սիրտս վկայում է:
ԻՍԿՈՒՀԻ — Այո, Վաղինակ: Աստված հոգին լուսավորի: Դեհ, հետո իմպերիան փլվեց` տեղյակ եք երևի, պատերազմ, անկախություն ու նման բաներ… Չէ, չեմ դժգոհում, հետաքրքիր ժամանակներ էին, ակտիվ կյանքի շրջան, երկու անգամ զենք եմ տեղափոխել Ղարաբաղ, բա ո՞նց, անկախ երկիր էինք կառուցում… Բայց մինչ ես երկիր էի կառուցում, իմ տունը գյուղում հրդեհեցին, բան չմնաց, մոխիր, չիմացվեց էլ` ով, ինչու… Ինչ-որ չափով վերականգնեցի իմ սուղ միջոցներով, սակայն այլևս տուն չդարձավ, ամեն կողմից փչում է, տանիքը կաթում…
ՀԱՐՈՒԹ — Մեզ հետ կապրես, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Ապրեմ, եթե կընդունեք:
ՀԱՐՈՒԹ — Դե ինչ, ընդունո՞ւմ ենք:
ՔՆԱՐ — Իհարկե, որբ է…
ՕՀԱՆ — Ես կասկածներ ունեմ… պիտի մտածեմ… Ինձ սիրաշահել է պետք… Այդպես մի նայիր, Հարություն… գոնե այս ուրախալի առիթով կարելի է, չէ՞…
ՀԱՐՈՒԹ — Կարելի է, համոզեցիր:
ՕՀԱՆ — Ապրի տղաս:
ՀԱՐՈՒԹ — Բայց վաղվանից` վերջ:
ՕՀԱՆ — Կարևորն այսօր է, ես թիթեռի հոգեբանություն ունեմ, վաղվա համար վաղը կմտածենք, առավոտից: Ո՞ւր է:
ՀԱՐՈՒԹ — Խոհանոցում:
ՕՀԱՆ — Տիկին Քնար, ձվածեղ-բան էիր ասում:
ՔՆԱՐ — Կարվի:
ԻՍԿՈՒՀԻ — Ափսոս, Աստղիկս մեզ հետ չի:
ՕՀԱՆ — Աստղիկի՞ն ինչ ես ճանաչում, մամա:
ՀԱՐՈՒԹ — Ե՛ս եմ պատմել:
ԻՍԿՈՒՀԻ — Դեռ շա՞տ կմնա հիվանդանոցում:
ՀԱՐՈՒԹ — Մի քանի օրից դուրս կգրեն:
ՕՀԱՆ — Շամպայնով ենք դիմավորելու, շամպայնով… Թե՞ օղիով… Ի՞նչ եղավ ընթրիքը, տիկին Քնար, թերանում եք:
ԻՍԿՈՒՀԻ — Գնանք, աղջիկս, տղամարդիկ քաղցած են, իսկ երբ նրանք քաղցած են, օ՜, Աստված հեռու տանի:
Արար երկրորդ
Պատկեր 4
Բոլորը, բացի Աստղիկից: Իսկուհին և Օհանը նարդի են խաղում:
ԻՍԿՈՒՀԻ — (զառը գցելով): Դոր ջար:
ՕՀԱՆ — Ի… այ մարդ… (Տեսնելով, որ Հարութը նշան է անում լռել` լռում է:)
ԻՍԿՈՒՀԻ — Սա` մեկ, սա` երկուս, սա` երեք, սա` չորս… Կարծում եմ` իրեն հարգող տղամարդն այլևս զառ չի գցի:
ՕՀԱՆ — Այդպես մի ասա, որոշ շանսեր դեռ պահպանվում են, այդպես մի ասա… Ես դեռ իմ թաքնված հնարավորությունները հրապարակ չեմ հանել… (Գցելով զառերը:) Դեռ կտեսնենք` ով, ինչ, որտեղ…
ԻՍԿՈՒՀԻ — Տեսանք, իքիբիր, էս է՞ր քո թաքնված հնարավորությունը: Զառ ես բռնո՞ւմ, չեմ հասկանում:
ՕՀԱՆ — Ե՞ս… Վայ, անարդար աշխարհ, վայ, ով բռնի, ով…
ԻՍԿՈՒՀԻ — Է’, մանչ, ինձ հետ ոտք մեկնելն անհույս բան է, նույնն է` թե մատդ մտցնես աղաթթվի մեջ:
ՕՀԱՆ — Քիչ է մնում ասեմ, է’… Լավ, չասեմ:
ԻՍԿՈՒՀԻ — Մի փնթփնթա, կարողացիր արժանապատվորեն պարտվել: Հաջորդը:
ՀԱՐՈՒԹ — Էլ ի՞նչ հաջորդ:
ԻՍԿՈՒՀԻ — Դո՛ւ նստիր, թոռնիկս:
ՀԱՐՈՒԹ — Ինձ էլ հաղթեցիր, մոռացա՞ր:
ԻՍԿՈՒՀԻ — Հա՞… Դա երեկ չէ՞ր:
ՀԱՐՈՒԹ — Կես ժամ առաջ:
ԻՍԿՈՒՀԻ — Քնարի՞ն էլ…
ՔՆԱՐ — Մեկ ժամ առաջ:
ԻՍԿՈՒՀԻ — Է’, Իսկուհու զառին չեք դիմանում, չէ:
ՕՀԱՆ — Ո՞նց դիմանանք, եթե…
ՀԱՐՈՒԹ — (փակելով Օհանի բերանը, մի կողմ քաշելով նրան): Մի ասա:
ՕՀԱՆ — Բայց բացահայտ` զառ է բռնում:
ՀԱՐՈՒԹ — Տեսել եմ, բայց մի ասա, պետք չի, թող ուրախանա տատին, քեզնից ի՞նչ է գնում:
ՕՀԱՆ — Հարութ, քո այդ հումանիզմը նևրոզ է ծնում ընտանիքում:
ՀԱՐՈՒԹ — Նարդին ի՞նչ է, որ նարդու համար նևրոզ լինի: Կուզե՞ս, արի ես ու դու խաղանք:
ՕՀԱՆ — Չէ, դու դիտմամբ տանուլ կտաս: Գրողի ծոցը նարդին: Տիկին Քնար, չգնա՞նք մեր սենյակը, հանգստանանք փոքր-ինչ, կիրակի է` ինչքան չլինի… Թու, ասացի ու ինքս ինձնից զզվեցի: Սկսել եմ օրեր հաշվել, ժամեր նույնիսկ… Իսկ երբ մարդ օրերի ու ժամերի ետևից է ընկնում, դա լավ նշան չէ, որովհետև զգում է, թե ոնց է գալիս Բոբոն, ոնց է ծոծրակիդ շնչում: Իսկ ազատության մեջ այդպես չէ, այնտեղ կիրակի-երկուշաբթի չկա, այնտեղ ժամը տասը, տասներկուսը չկա, այնտեղ ձմեռ է կամ ամառ, գիշեր կամ ցերեկ, ու ոչ մի բոբոյի գալ էլ չես զգում, գալիս է` գա, կգա էլ` կգնա էլ:
ԻՍԿՈՒՀԻ — Ո՞նց կգնա:
ՕՀԱՆ — Կգնա, այո, բայց քեզ էլ հետը կտանի:
ԻՍԿՈՒՀԻ — Ինչո՞ւ ինձ, սատանա, քեզ:
ՕՀԱՆ — Չեղավ, մամմի, Բոբոյի հետ նարդի չես խաղա, զառ չես բռնի, հերթ կա, կարգ կա:
ԻՍԿՈՒՀԻ — Թունդ վախեցած ես, տղա:
ՕՀԱՆ — Այո, ինչ խմիչքն ինձնից հեռացրին, վախը մոտիկ եկավ:
ՔՆԱՐ — Խեղճ ամուսինս, մի զվարթ երգ երգե՞մ` վախերդ դուրս գան միջիցդ:
ՕՀԱՆ — Միայն ոչ դա, տիկին, ավելի լավ է մեջքս մերսես, այ, վզիս էս կողմի մկաններս տնքում են:
ՔՆԱՐ — Իմ ձեռքերն ուժեղ չեն, Օհան, թող Հարութը մերսի:
ԻՍԿՈՒՀԻ — Այ մարդ, դուք ի՞նչ մերսող, թողեք ես մերսեմ:
ՕՀԱՆ — Կարո՞ղ ես:
ԻՍԿՈՒՀԻ — Էն էլ ոնց, հատուկ մերսման կուրսեր եմ անցել:
ՔՆԱՐ — Չինակա՞ն:
ԻՍԿՈՒՀԻ — Չէ-չէ մի` տիբեթյան… Տեղակա՛ն, արտաշատյա՛ն: Պառկի՛ր, տղա՛:
ՕՀԱՆ — (պառկելով բազմոցին): Էս ի՞նչ փորձանք բերեցի ինքս իմ գլխին…
ԻՍԿՈՒՀԻ — Մի փնթփնթա, պառկի՛ր:
ՕՀԱՆ — Էս ծոծորակիս կողմերը…
ԻՍԿՈՒՀԻ — Հանգիստ պառկիր, ես գիտեմ:
Իսկուհին հեծնում է Օհանին, սկսում է մերսել: Օհանը ցավից ոռնում է:
ՕՀԱՆ — Մեռա, կամաց…
ՔՆԱՐ — Էդպես, մայրիկ, ճմրթիր դրան:
ՕՀԱՆ — Ցած բերեք վրայիցս այս վհուկին… Հարութ, փրկիր…
ԻՍԿՈՒՀԻ — Հանգի՛ստ, իմ մերսումն է քեզ փրկելու, դառնալու ես մանուկի պես թեթև, մաքուր, կապուտաչ, անմեղսունակ…
ՕՀԱՆ — Այ, էդտեղ գոնե ձեռք մի տուր, շատ է ցավում…
ԻՍԿՈՒՀԻ — Չվախես, հիմա դրա հարցը կլուծեմ: (Հարվածում է:)
ՕՀԱՆ — Վա՛խ: (Ուշաթափում է:)
ԻՍԿՈՒՀԻ — Պատրաստ է:
ՔՆԱՐ — Վայ, սպանեց ամուսնուս:
ՀԱՐՈՒԹ — Տատի, ոնց որ ուշքը գնաց, հը՞:
ԻՍԿՈՒՀԻ — Չհավատաս, դերասանություն է անում:
ՔՆԱՐ — Օհան, Օհան ջան… Չի խոսում, չի շնչում… Շտապօգնություն կանչեք:
ԻՍԿՈՒՀԻ — Թող, աղջիկս, հիմա ուշքի կգա:
ՔՆԱՐ — Ո՞նց ուշքի գա, սպանեցիր:
ՀԱՐՈՒԹ — Տատ, կարող ա՞ իսկապես…
ԻՍԿՈՒՀԻ — Դե չէ, թոռնիկս, տատին գիտի` ինչ է անում: Ասեղ տվեք:
ՔՆԱՐ — Քորոց կլինի՞:
ԻՍԿՈՒՀԻ — Չէ, փոքր է: (Անգլիական մեծ քորոց է հանում հագուստի վրայից, ծակում է Օհանի քամակը: Երբ Օհանը վեր է թռչում:) Տեսա՞ք, որ սիմուլյանտ է:
ՕՀԱՆ — Մարդասպան: (Շփելով իրեն, գլուխը պտտելով:) Բայց լավ եմ ոնց որ… մեջքացավս լրիվ թողեց:
ԻՍԿՈՒՀԻ — Խնդրեմ: Հաջորդը:
ՔՆԱՐ — Չէ, տատի, ես պատրաստ չեմ:
ԻՍԿՈՒՀԻ — Դու, թոռնիկս:
ՀԱՐՈՒԹ — Մնա վաղը, էսօր մի տեսակ անտրամադիր եմ:
ԻՍԿՈՒՀԻ — Վախկոտներ: Աստղիկին կանչեք, ո՞ւր է մեր հարսիկը:
ՔՆԱՐ — Աստղիկն ո՞ւր կլինի, իր սենյակում է, համակարգչին սոսնձված:
ԻՍԿՈՒՀԻ — Օրերով դուրս չի գալիս, լավ չի, վիրտուալ տարածքը կլանում է նրան:
ՀԱՐՈՒԹ — Բուժումից հետո դեռ ընկճված է, թող զբաղվի, կամաց-կամաց կարգի կգա:
ՔՆԱՐ — Չի գալիս, օրեցօր ավելի է մեկուսանում:
ԻՍԿՈՒՀԻ — Գիտե՞ս ինչը կփրկեր նրան:
ՀԱՐՈՒԹ — Գիտեմ: Բայց… Առայժմ չի ստացվում:
ԻՍԿՈՒՀԻ — Թոռնիկս, ախր, խորհուրդ հարցրեք, նպաստավոր օրեր կան, նպաստավոր դիրքեր կան…
ՀԱՐՈՒԹ — Սարերից չենք իջել, տատի, քսանմեկերորդ դարում ենք ապրում:
ԻՍԿՈՒՀԻ — Ձեր ապրածն ի՞նչ է, հրեն` վիրտուալ… վիրտուալով երեխա կսարքվի՞: Կուզե՞ս՝ խոսեմ հետը:
ՀԱՐՈՒԹ — Արի սպասենք, էլի, տատ, գուցե լավ լինի:
ԻՍԿՈՒՀԻ — Լավ, սպասենք: Թեև չեմ հասկանում, թե ինչին ենք սպասում:
ՀԱՐՈՒԹ — (ժամացույցին նայելով): Գնամ, ընթրիքի համար բան-ման բերեմ, սառնարանը դատարկ է:
ՕՀԱՆ — Ես էլ գամ, դեմ չե՞ս, թթվեցի տանը:
ՀԱՐՈՒԹ — Գնանք:
Հարութը և Օհանը դուրս են գալիս:
ԻՍԿՈՒՀԻ — (նրանց ետևից): Կոնֆետներս պրծել են, ինձ մի հարյուր գրամ անանուխի կոնֆետ բերեք, հա՞: (Քնարին.) Լսեցի՞ն:
ՔՆԱՐ — Չեմ կարծում:
ԱՍՏՂԻԿ — (ներս գալով): Ո՞վ էր գոռում քիչ առաջ, ի՞նչ էր եղել:
ԻՍԿՈՒՀԻ — Ես էի, գոռացի, որ կոնֆետ բերեն, բայց չլսեցին:
ԱՍՏՂԻԿ — Չէ, տղամարդու գոռոց էր:
ԻՍԿՈՒՀԻ — Ա՜, Օհանն էր:
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ…
ՔՆԱՐ — Տատին մերսեց:
ԱՍՏՂԻԿ — Ինձ էլ կմերսե՞ս, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Մերսեմ, աղջիկ ջան, արի:
ԱՍՏՂԻԿ — Բայց իմ ներսն է ցավում, տատ, դրսից մերսելով կանցնի՞:
ԻՍԿՈՒՀԻ — Կանցնի, այն էլ ոնց, պառկիր:
ԱՍՏՂԻԿ — Չէ, մնա` հետո, նամակ եմ գրել, պատասխանը երևի եկավ, գնամ` տեսնեմ:
ՔՆԱՐ — Այդ ի՞նչ եք այդքան գրում, պատասխանում, գրում, պատասխանում…
ԱՍՏՂԻԿ — Շփվում ենք, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Այդքան շփվել կլինի՞ ում հետ պատահի… Մի քիչ էլ մեզ հետ շփվիր, էլի:
ՔՆԱՐ — Նա կենդանի շփումներից խուսափում է, տատի, վիրտուալը հարմար է, անվտանգ, իրար չգիտեն, իրար չեն տեսնում:
ԱՍՏՂԻԿ — Այո, հարմար է: Թե էլ ասելու բան չունեք` գնամ:
ԻՍԿՈՒՀԻ — Նստիր, մի րոպե նստիր, բալես… Մեծին կլսեն, վա՜յ, նստիր: (Երբ Աստղիկը նստում է, նրա պարանոցը շփելով:) Լարված են մկաններդ, թուլացիր, թուլացիր, ես բարեկամ եմ, թշնամի չեմ, մի տագնապիր:
ՔՆԱՐ — Պարզվում է` մեղմ էլ ես կարողանում մերսել, տատի, բա իմ խեղճ Օհանի ոսկորներն ինչո՞ւ ջարդուխուրդ արիր:
ԻՍԿՈՒՀԻ — Համեմատեցիր` դու էլ, Աստղիկս նուրբ է… Թեպետ, որ ուզում եք ճիշտն իմանալ, բոլորս էլ նուրբ ենք ինչ-որ տեղ, բոլոր մարդիկ, նուրբ, խոցելի… Ահա, Աստղիկս, դեռ մի կարգին չի ապրել, արդեն վախեցած է կյանքից, վայրի գազանիկի պես զգուշավոր է: Խեղճս…
ԱՍՏՂԻԿ — Ապրել եմ, տատի, էն էլ ոնց եմ ապրել, թշնամուս չէի ցանկանա:
ԻՍԿՈՒՀԻ — Թշնամի էլ ունե՞ս:
ԱՍՏՂԻԿ — Լիքը, ամբողջ աշխարհը:
ՔՆԱՐ — Մենք է՞լ:
ԱՍՏՂԻԿ — Չգիտեմ…
ԻՍԿՈՒՀԻ — Չեղավ… Այդպես չի կարելի, աղջիկ ջան, ստացվում է` բոլորս տականք ենք, միայն դո՞ւ ես լավը:
ԱՍՏՂԻԿ — Ե՞ս: Ես ամենատականքն եմ, լավը լինեի` կյանքն էսպես չէր խփի, իսկի երեխա չեմ կարողանում ունենալ:
ՔՆԱՐ — Դեռ կունենաք, դեռ ի՞նչ եք ապրել իրար հետ…
ԻՍԿՈՒՀԻ — Հա, ճիշտ է ասում… Կարգին բան անո՞ւմ եք գոնե… Դե, գոնե գիշերը մի երկու, երեք…
ԱՍՏՂԻԿ — Կապ չունի, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Ո՞նց չունի… Դա էլ հո համակարգչով չի՞ լինի, պիտի կարգին, մարդավարի շփվեք, չէ՞:
ԱՍՏՂԻԿ — Ես երազ եմ տեսել, սև անգղն իմ երեխային խժռում էր, իմ աչքի առաջ, ճանկերի տակ առել` քրքրում էր, սև կտուցից լերդացած արյուն էր կաթում, ու ես ոչինչ չէի կարողանում անել, չէի էլ ուզում, որովհետև երեխան մեռած էր: Բա՞… Վատ նշան է:
ՔՆԱՐ — Թքիր նշանների վրա, աղջիկս, խավարամիտ չես, ժամանակակից աղջիկ ես, նշանս ո՞րն է:
ԱՍՏՂԻԿ — Կարող եմ թքել, դժվար չի, բայց երբ թքում եմ` միշտ ինքս եմ թքի մեջ հայտնվում:
ԻՍԿՈՒՀԻ — Է՜, չափազանցնում ես:
ԱՍՏՂԻԿ — Բոլորովին:
ՔՆԱՐ — Ինչո՞ւ քո մասին ոչինչ չես պատմում, Աստղիկ, պատմիր` իմանանք, օտար չենք…
ԻՍԿՈՒՀԻ — Ճիշտ որ, պատմիր, հոգիդ թեթևացրու:
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ պատմեմ, զվարճալի պատմություն չի, ո՞ւմ է պետք:
ԻՍԿՈՒՀԻ — Մեզ է պետք, շատ պետք է: Ահա, տատին կմերսի, մկաններդ կթուլացնի, իսկ դու պատմի` հոգիդ թեթևացրու:
ԱՍՏՂԻԿ — Հասկանո՞ւմ եք… Ես կարծում էի, նա զղջացել է, ինքնասպան է եղել, կամ սպանել են… մտածում էի` գուցե ինքը մեղավոր չէ, իրեն ստիպել են, ուրիշ ճար չի ունեցել, պատրաստ էի նույնիսկ ներել, պատկերացնո՞ւմ եք… Իսկ երեկ ցանցում նայեմ` ինքն է, հայտնվել է, նոր զոհեր է փնտրում:
ՔՆԱՐ — Ո՞վ:
ԱՍՏՂԻԿ — Նա, աշխարհի տականքը: Ես սպանելու եմ նրան:
ԻՍԿՈՒՀԻ — Վայ…
ԱՍՏՂԻԿ — Հա, կգտնեմ ու կսպանեմ, որ ուրիշ աղջիկների չգայթակղի` կործանի:
ՔՆԱՐ — Ոստիկանություն հայտնիր:
ԱՍՏՂԻԿ — Ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, ոչ փաստ կա, ոչ վկա:
ԻՍԿՈՒՀԻ — Ես բան չեմ հասկանում, կարող ե՞ս կարգին պատմել:
ԱՍՏՂԻԿ — Երբ ծնողներս Բաքվից ինձ փախցրին` չորս տարեկան էի, շատ բան չէի գիտակցում, բայց մեր տան պատուհանից տեսել էի փողոցային ջարդերն ու արդեն գիտակցում էի, որ մարդկանցից վախենալ է պետք: Ծնողներս ինձ բերեցին, իրենք ետ դարձան ունեցվածքը փրկելու, ու էլ չտեսա նրանց: Էստեղ` մանկատանը, լավ էին վերաբերվում, հոգեբույժները հանեցին վախերս: Բայց վախերն էնպես բան են, որ լրիվ դուրս չեն գալիս, թաքնվում են ու մի պուճուրիկ կայծն էլ հերիք է, որ նորից գլուխ բարձրացնեն: Հետո, ծնողներիս էի կարոտում… (Արտասվում է:)
ԻՍԿՈՒՀԻ — Խեղճս, խեղճս… Այս ի՞նչ աշխարհ է, ի՞նչ են ուզում մարդիկ իրարից, ինչ ասես մոգոնում են` մենակ թե վնաս տան իրար, կոտորեն, թալանեն…
ՔՆԱՐ — (մաքրելով Աստղիկի արցունքը): Դե, մի լացիր, աղջիկս, կուզե՞ս թեյ բերեմ քեզ, կամ սուրճ…
ԱՍՏՂԻԿ — Շիլա եմ ուզում, մայրիկ, մաննի շիլա, կոշտերով:
ՔՆԱՐ — Հիմա եփեմ, բալես: Բայց ես շիլա եփել չգիտեմ… Իսկուհի, շիլա եփել կարո՞ղ ես:
ԻՍԿՈՒՀԻ — Անմիջապես, անմիջապես…
ԱՍՏՂԻԿ — Չեմ ուզում, հենց էնպես ասացի, դո՛ւ մերսիր, տատի, էնքան լավ ես մերսում:
ԻՍԿՈՒՀԻ — Մերսեմ, պուճուրս… Էլ մի պատմի, եթե ցավ է պատճառում:
ԱՍՏՂԻԿ — Չէ, որ սկսել եմ` կավարտեմ: Կամաց-կամաց սկսեցի շփվել մարդկանց հետ, ընկերներ, ընկերուհիներ… մարմնամարզության գնացի, հետո պարի, լավ էի պարում, բայց թողեցի, ինչ-որ բան կաշկանդում էր, բեմից ամաչում էի: Դեղագործական ուսումնարան ընդունվեցի, երկրորդ կուրսի ուսանող էի, երբ հայտնվեց այդ բեյրութցին, թխահեր, բոյով, սիրուն… Հիմա չեմ էլ հավատում, թե բեյրութցի էր, ամեն բան ստել է: Սիրահարվեցի, համոզված էի, որ ինքն էլ է սիրահարված, ասում էր` Բեյրութ վերադառնալ չեմ ուզում, ուզում եմ հայրենիքում ապրել, ասաց` գնանք Էմիրաթներ, էնտեղ բարեկամներ ունեմ, կաշխատենք, դու` պարուհի, ես` մատուցող, փող կհավաքենք, կգանք` բնակարան կառնենք, կամուսնանք: Հավատացի: Ո՞նց չհավատայի, տասնութ տարեկան էի ու սիրահարված:
ՔՆԱՐ — Ախ, այդ սերը, ախ, այդ սերը…
ԻՍԿՈՒՀԻ — Ախխ, այդ սերը:
ԱՍՏՂԻԿ — Տեղ հասնելուն պես ինձ հանձնեց ինչ-որ արաբների ու չքվեց, էլ չտեսա: Անձնագիրս վերցրին, ինձ նստացրին թմրադեղերի վրա և ստիպեցին մարմնավաճառություն անել: Մի պստիկ սենյակ էր հյուրանոցում կամ, գուցե, հյուրանոց էլ չէր, դուրս չեմ եկել, որ իմանամ: Երևի էդտեղ էլ կսատկեի, եթե հոգեկանս չշեղվեր, բժիշկ բերին, նայեց, ձեռքը թափ տվեց` գնաց, լավ է չսպանեցին` մի տեղ թաղեին` պրծնեին, թեև` ո՞վ գիտի, լավ է, թե վատ… Անձնագիրս տվին, նստացրին ինքնաթիռ, ուղարկեցին Հայաստան:
ՔՆԱՐ — Տականքին դատի չտվի՞ր:
ԱՍՏՂԻԿ — Ո՞ւմ, նա չկար, օդից հայտնվել էր, օդում չքացել:
ԻՍԿՈՒՀԻ — Պարզ է: Բայց դու Հարութին պիտի հավատաս, Աստղիկ, Հարութը լավ տղա է:
ԱՍՏՂԻԿ — Հարո՞ւթը… գուցե… Բայց ե՛ս լավը չեմ, նրան ե՛ս չեմ պետք, նրան մի կարգին աղջիկ է պետք: Ես իսկի երեխա չեմ ունենում:
ՔՆԱՐ — Կունենաս դեռ, աղջիկս, պատահում է` ամուսինները տարիներով չեն ունենում, հետո մեկ էլ ստացվում է:
ԱՍՏՂԻԿ — Իմը չի ստացվելու, ես գիտեմ, էն կյանքն առանց հետևանքների չէր կարող անցնել: Հարութին ասում եմ` թող ինձ, ուրիշ կին գտիր, չի լսում, ասում է` կբուժենք…
ԻՍԿՈՒՀԻ — Հարութը սիրում է քեզ:
ԱՍՏՂԻԿ — Գուցե, բայց սերը մի օր կանցնի ու աչքերը կբացվեն: Հարութը խաբում է ինքն իրեն, արհեստական` ընտանիք է ուզում ստեղծել, բայց այդպես չի լինում:
ԻՍԿՈՒՀԻ — Կլինի, հավատալ է պետք: Կյանքը հնարավոր է փոխել, միայն հավատալ է պետք, հավատալ ու ճիգ անել, ջանք թափել, չպետք է թողնել, որ անցյալը միշտ մարդու ոտքերից կախվի ու խեղդի, ազատվել է պետք, հանուն միմյանց:
ԱՍՏՂԻԿ — Երանի քեզ, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — (մերսելով): Թուլացի մի հատ, թուլացի` ասում եմ…
ԱՍՏՂԻԿ — Կամաց, տատ, ցավացնում ես:
ԻՍԿՈՒՀԻ — Ոչինչ, դիմացիր: Նուրբ եք, փխրուն… Էսպես ե՞ք կռիվ տալու աշխարհին… Բա մեր նախնիները ո՞նց են մաքառել, իսկի կոտորածը չընկճեց… Քեզ պես նվնվային` հիմա ոչ մենք կլինեինք, ոչ այս երկիրը…
ԱՍՏՂԻԿ — Գուցե էդպես ավելի լավ լիներ:
ԻՍԿՈՒՀԻ — Լսի՛ր, աղջիկ, ականջներդ կձգեմ, անկյուն կկանգնացնեմ, հա՛, քեզ խելոք պահի:
Գալիս են Հարութն ու Օհանը:
ՀԱՐՈՒԹ — Խելոք չի՞ պահում իրեն, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Չէ, չարություն է անում… Իբր դո՞ւք ինչ եք, դուք էլ մի բարի պտուղ չեք, բոլորիդ պատժելու եմ:
ՕՀԱՆ — Բայց ընթրենք` հետո, էլի, սոված փորով անկյուն չկանգնենք:
ՀԱՐՈՒԹ — Կոնֆետդ բերինք, տատի, անանուխի ուզեցիր, չէ՞:
ԻՍԿՈՒՀԻ — Այո, անանուխի: Ապրեք: Դե, բոլորը լվացվելու` մա՛րշ:

Պատկեր 5
Գիշեր: Աստղիկ և Հարութ: Աստղիկը համակարգչի մոտ է:
ՀԱՐՈՒԹ — Անջատվիր, Աստղիկ:
ԱՍՏՂԻԿ — Հիմա, հիմա…
ՀԱՐՈՒԹ — Չի կարելի անշունչ առարկային ավելի ուշադրություն տալ, քան շնչավորին, արի մոտս:
ԱՍՏՂԻԿ — Եկա… բայց ինչի՞դ է, ինձնից առանձնապես հաճույք չես ստանում, այդպես չի՞, անկեղծ եղիր:
ՀԱՐՈՒԹ — Սխալվում ես: Հնարում ես: Համ էլ, կինը միայն հաճույքի համար չի, կինը ընկեր է, երկար ճամփի ընկեր: Անջատիր համակարգիչը, խանդում է քեզ:
ԱՍՏՂԻԿ — (անջատելով): Բոլորն ասում են` կարևորն անկողինն է, իսկ դու ասում ես` ճամփա, ընկեր… Էդ ճամփան շուտով կհատվի, Հարութ:
ՀԱՐՈՒԹ — Չի հատվի, եթե անդադար չկռռաս ագռավի պես: Դե անջատիր վերջապես, արի…
ԱՍՏՂԻԿ — Եկա:
ՀԱՐՈՒԹ — Թուլացիր, միշտ ձգված ես, թռչելու պատրաստ ծիտիկի պես:
ԱՍՏՂԻԿ — Չեմ կարողանում… Բարդույթ է, դուրս չի գալիս մեջիցս:
ՀԱՐՈՒԹ — Կհանենք, Աստղիկ, միայն թե հավատա ինձ, հավատա ու վստահի: Երբ երեխա ունենանք, ամեն ինչ կփոխվի, կտեսնես:
ԱՍՏՂԻԿ — Բայց կունենա՞նք որ…
ՀԱՐՈՒԹ — Նորից կռռում ես:
ԱՍՏՂԻԿ — Էն կյանքն անհետևանք անցնել չէր կարող:
ՀԱՐՈՒԹ — Ո՞վ ասաց, է՛:
ԱՍՏՂԻԿ — Բժիշկները:
ՀԱՐՈՒԹ — Դա ե՞րբ էր, հիմա ուրիշ է, ունենալու ես:
ԱՍՏՂԻԿ — Միայն քո ցանկությունը քիչ է, Հարութ:
ՀԱՐՈՒԹ — Քիչ կլինի, եթե սիրելու փոխարեն` անընդհատ վիճես:
ԱՍՏՂԻԿ — Ես չեմ ուզում քեզ խաբել:
ՀԱՐՈՒԹ — Խաբիր, ես եմ ուզում, խաբիր: Խնդրում եմ, խաբիր, Աստղիկ, հետո կգա ժամանակ ու կտեսնես, որ չես խաբել, ամեն բան ճիշտ էր: Դե խաբիր, Աստղիկս, խաբիր, ինձ էլ, ինքդ քեզ էլ: (Գրկելով Աստղիկին.) Խաբիր, խնդրում եմ…
Գալիս է Իսկուհին, գիշերանոցով է:
ԻՍԿՈՒՀԻ — Այ երեխեք, այ ձեզ մատաղ, ի՞նչ եք անդադար խոսում, խոսում… Սիրեք իրար, ջահելությունը հո հավերժ տված բան չի՞, անցնում է, աչքդ թարթեցիր` չկա:
ՀԱՐՈՒԹ — Տատի, մի խառնվի, հա՞, սա քո կռիվը չի:
ԻՍԿՈՒՀԻ — Հենց իմ կռիվն է, իմ հարազատները չե՞ք… թե չեք, ասեք` թողնեմ-գնամ:
ՀԱՐՈՒԹ — Հարազատ ենք, տատ ջան:
ԻՍԿՈՒՀԻ — Ստամոքսս անտանելի այրում է… Չգիտե՞ք՝ սոդան որտեղ է:
ԱՍՏՂԻԿ — Խոհանոցում կլինի, էլ ո՞ւր…
ԻՍԿՈՒՀԻ — Չկա, նայել եմ:
ՀԱՐՈՒԹ — Երևի վերջացել է, վաղը հիշեցրու` բերեմ: Բայց սոդայով բան դուրս չի գա, տատի, բժիշկի պիտի գնանք:
ԱՍՏՂԻԿ — Հարութը բոլորիս բժիշկի է տանում:
ԻՍԿՈՒՀԻ — Մեռնեմ սրտին, ուզում է՝ առողջ լինենք: Բայց ինձ մի տար, թոռնիկս, ես ստուգվել եմ, թեթև գաստրիտ է, ընդամենը` պիտի դիետա պահեմ:
ՀԱՐՈՒԹ — Է, պահիր:
ԻՍԿՈՒՀԻ — Է, պահեմ:
ՀԱՐՈՒԹ — Բայց հիմա գնա` քնի, տատի, ուշ է:
ԻՍԿՈՒՀԻ — Գնա՞մ որ…
Գալիս է Օհանը` կիթառով:
ԻՍԿՈՒՀԻ — Սատանան եկավ: Ի՞նչ ես կորցրել, տղա:
ՕՀԱՆ — Մի լավ հին գնչուական երգ հիշեցի, տեսնում եմ` քուններդ չի տանում, երգեմ` լսեք:
ՀԱՐՈՒԹ — Դե երգիր, հը…
Օհանը երգում է:
ՕՀԱՆ — Ո՞նցն էր, լավն էր, չէ՞:
ԱՍՏՂԻԿ — Շատ… Ոնց որ ամառային աստղազարդ երկնքի տակ ճերմակ ձի հեծած սլանաս դաշտով…
ՕՀԱՆ — Ապրես, հենց այդպես էլ կա: Հարութս չհավանե՞ց:
ՀԱՐՈՒԹ — Հավանեց: Բայց ուշ է… Չքնե՞նք:
ՕՀԱՆ — Քնենք, իհարկե, մեկն էլ երգեմ…
Գալիս է Քնարը:
ՔՆԱՐ — Քուններդ չի տանո՞ւմ… Արթնացա, նայեմ` ամուսինս չկա:
ԻՍԿՈՒՀԻ — Այնքան էլ հավեսով է ասում` ամուսինս:
ՕՀԱՆ — Բա ո՞նց:
ԻՍԿՈՒՀԻ — Գլուխգովան:
ՕՀԱՆ — Այդպես էլ չճշտեցինք, այս կինն ի՞մ մայրն է, թե՞ Քնարի: Դատելով բնավորությունից` իմն է ոնց որ: Մամմի, ո՞նց եղավ, որ գտանք միմյանց, սիրելիս:
ԻՍԿՈՒՀԻ — Դերասանություն մի արա, չեմ սիրում:
ՕՀԱՆ — Իմն է, հաստատ իմ մայրն է, նայեք աչքերին, քթին… Կոպիա:
ՔՆԱՐ — Տեսնում եմ` քուններդ չի տանում…
ՕՀԱՆ — Վայ թե երգել է ուզում տիկինը:
ՔՆԱՐ — Այո, չերգե՞մ ձեզ համար…
ՕՀԱՆ — Գիտեմ, է’…
ՀԱՐՈՒԹ — Ուշ ժամ չի՞…
ԱՍՏՂԻԿ — Թող երգի, Հարութ:
ՔՆԱՐ — Կանաչյանի օրորոցայինը կերգեմ, որ ամուր ու խաղաղ քնեք: (Մոտենում է դաշնամուրին:)
ՀԱՐՈՒԹ — Դաշնամուրո՞վ:
ՔՆԱՐ — Այլ կերպ ինչպե՞ս… Առանց նվագակցության չեմ կարող:
ՀԱՐՈՒԹ — Վախենամ` հարևանները չհասկանան մեզ:
ՕՀԱՆ — Գիտառո՛վ կնվագակցեմ, երգիր, սիրունս:
ՔՆԱՐ — Դո՞ւ… Դիլետանտ:
ՕՀԱՆ — Չափդ անցար, կին:
Քնարը երգում է` նվագակցելով իրեն: Հարևանները թակում են պատը:
ՀԱՐՈՒԹ — Ասացի, չէ՞, էստեղ պատերը բարակ են:
ՕՀԱՆ — Ափսոս, ինչ չքնաղ էր երգում սոխակս:
ԻՍԿՈՒՀԻ — Այո: Սակայն հարգենք հարևանների հանգստի իրավունքը: Վերջ համերգին, ցրվում ենք սենյակներով:
Գնում են:
Պատկեր 6
Օհանը և Քնարը հյուրեր ունեն` Կիրակոսը և Մարտիրոսը:
ՔՆԱՐ — Կերեք, Մարտիրոս, Կիրակոս, ինչո՞ւ չեք ուտում, կո՞ւշտ եք:
ՄԱՐՏԻՐՈՍ — Քնար ջան, այն, որ բերել էինք, ո՞ւր է, դիր սեղանին, մոռացար, քույրիկս:
ՔՆԱՐ — Անկեղծ ասած, մեր տանը չոր օրենք է գործում…
ՕՀԱՆ — Բայց ձեզ համար բացառություն կանենք: Բեր, Քնար:
ՔՆԱՐ — Ոնց կասես: (Գնում է:)
ԿԻՐԱԿՈՍ — Օհան ախպեր, դու ու չոր օրենքը իրար մի տեսակ չեք բռնում:
ՕՀԱՆ — Այո, ճշմարտացի ես, Կիրակոս, բայց ի’նչ արած, տղաս այդպես է ուզում. հանուն ընտանիքի ամրության, հանուն իմ առողջության…
ԿԻՐԱԿՈՍ — Դու եզի պես առողջ ես, քեզ ի՞նչ ա եղել:
ՔՆԱՐ — (բերելով օղին): Կարգին խոսիր, Կիրակոս:
ԿԻՐԱԿՈՍ — Չասեցի` եզ, ասեցի` եզի պես: Լավ, որ նեղանում ես` ասեմ` պոպոքի պես, հը՞, տեսնում եմ` դուրըդ եկավ:
ՕՀԱՆ — (լցնելով օղին): Շատ խոսեցիր, Կիրակոս, չխմե՞նք:
ԿԻՐԱԿՈՍ — Միշտ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Հացն ու գինին, տեր կենդանին:
Խմում են:
ՕՀԱՆ — Այս օղին ռետինից եք քաշե՞լ:
ԿԻՐԱԿՈՍ — Ինչի՞, մենք արաղ քաշո՞ղ ենք, Օհան:
ՄԱՐՏԻՐՈՍ — Չէ, շուկայից բան արինք…
ԿԻՐԱԿՈՍ — Առանք:
ՄԱՐՏԻՐՈՍ — Այո, գնեցինք, ահագին էլ թանկ ուզեց գեղջուկը:
ՔՆԱՐ — Գնեցիք, բա չէ’:
ՄԱՐՏԻՐՈՍ — Այնտեղ մեկ-մեկ բաժակ փորձեցինք, ոնց որ վատը չէր, չէ՞, Կիրակոս:
ԿԻՐԱԿՈՍ — Մակարդակ: Բերանիդ համը փչացրել ես, Օհան: Մի հատ էլ խմենք, որ որակը զգաս: (Լցնում է:)
Գալիս է Իսկուհին:
ՔՆԱՐ — Մա՞մ…
ՕՀԱՆ — Մեր ընկերներն են, մամ, ծանոթացիր… Քնա՞ծ էիր:
ԻՍԿՈՒՀԻ — Հույս չունենաս, Իսկուհին միշտ արթուն է:
ՔՆԱՐ — Օհանի մայրիկն է:
ՄԱՐՏԻՐՈՍ — Ուրախ եմ, Մարտիրոս, ձեր խոնարհ ծառան:
ԿԻՐԱԿՈՍ — Կիրակոս:
ԻՍԿՈՒՀԻ — Ցիռոզ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Ինչ տարօրինակ անուն է:
ԻՍԿՈՒՀԻ — Իմ անունը չի, ձեր դիագնոզն է, երկուսով էլ ցիռոզի շեմին եք, եթե արդեն չեք անցել, չասեք` չէ, ես տեսանող եմ, դեմքի գույնից եմ տեսնում:
ՕՀԱՆ — Հա, մաման տեսնող է, զգույշ եղեք:
ԿԻՐԱԿՈՍ — Է՜, բոլորս էլ գնացող ենք, ցիռոզով լինի, թե գրիպոզով, ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս, այ մեր:
ԻՍԿՈՒՀԻ — Ես քո մերը… (Հազը բռնում է:)
ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ…
ԻՍԿՈՒՀԻ — Ես քո մերը… (Դարձյալ հազում է:)
ԿԻՐԱԿՈՍ — Քրֆում ա՞…
ԻՍԿՈՒՀԻ — Ես քո մերը չեմ: Դու կարող ես գնալ, ձեռքդ բռնող չկա, բայց Օհանին չենք թողնի` հետդ տանես:
ԿԻՐԱԿՈՍ — Բա-բա-բա…
ՄԱՐՏԻՐՈՍ — Օհան եղբայր, բայց դու մայր չունեիր, որբ էիր` որքան հիշում եմ, որտեղի՞ց գտար այս… այս սքանչելի մայրիկին:
ՕՀԱՆ — Ինքը գտավ, պարզվեց` ողջ է մայրիկս, մեռնեմ իր ջանին, ողջ է` և խղճի խայթով խայթված, եկավ-գտավ, ողջագուրվեցինք, էսպես խորաթափանց նայեց աչքերիս մեջ, և ներեցինք միմյանց… Մամ, մի բաժակ չե՞ս խմի մեզ հետ, հրաշալի օղի է, տղերքը շուկայից են թռցրել:
ԻՍԿՈՒՀԻ — Երևում է, որ թռցնող են, տես` տնից բան-ման չպակասի այս խնջույքի ավարտին:
ԿԻՐԱԿՈՍ — Օհան, հասկացանք` մերդ ա, բայց մենք էլ ուրիշ չենք, րոպեն մեկ կպնում ա, ախպեր:
ՄԱՐՏԻՐՈՍ — Ոչինչ, մեծ կին է, ներող լինենք, Կիրակոս: (Իսկուհուն.) Խմեք մեզ հետ մեկ բաժակ, խմեք, որ հետայսու հասկանանք իրար:
ԻՍԿՈՒՀԻ — Երբեք: Դու է՞լ ես խմում, Քնար աղջիկ, չէի սպասում:
ՔՆԱՐ — Մի բաժակ, ախորժակի համար… Լավ, էլի, մամ, մի բարկացիր:
ԿԻՐԱԿՈՍ — Գեստապոյից ա՞ էս մեր մերը:
ԻՍԿՈՒՀԻ — Ձայնդ կտրիր, ալկոհոլիկ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Այս կինն ինչ-որ մեկին խիստ նման է, բայց չեմ կարողանում հիշել…
ԿԻՐԱԿՈՍ — Նրա նմանը դժվար ըլնի:
ԻՍԿՈՒՀԻ — Աստղիկն ո՞ւր է, չե՞ք տեսել:
ՔՆԱՐ — Իր սենյակում չի՞:
ԻՍԿՈՒՀԻ — Ոչ: Ոչ մի տեղ չկա… Տարօրինակ է:
ՕՀԱՆ — Ի՞նչն է տարօրինակ, մարդ է` դուրս է եկել, հո ստրուկ չի՞:
ԻՍԿՈՒՀԻ — Եթե ես ասում եմ` տարօրինակ է, ուրեմն` տարօրինակ է, Օհան տղա:
ԿԻՐԱԿՈՍ — Բա-բա-բա-բա…
ԻՍԿՈՒՀԻ — Եվ ոչ մի առարկություն:
ՄԱՐՏԻՐՈՍ — Հարգելի տիկին…
ՔՆԱՐ — Իսկուհի:
ՄԱՐՏԻՐՈՍ — Տիկին Իսկուհի, այ­նուամենայնիվ, մեզ հետ մեկ բաժակ…
ԻՍԿՈՒՀԻ — Ասացի` երբեք: (Ֆշշացնելով:) Անուշ լինի:
ՕՀԱՆ — Նա որ ասեց` անուշ արեք, ուրեմն` մեր բանը լավ չի:
ՄԱՐՏԻՐՈՍ — Չէ, ասաց` անուշ լինի:
ՕՀԱՆ — Ավելի վատ:
ԿԻՐԱԿՈՍ — Վախից չոքերդ թուլացել են, Օհան, վիճակդ էս ի՞նչ ա, կարգին մարդ էիր, ազատ-անկախ…
ՄԱՐՏԻՐՈՍ — Իրավ որ:
ՕՀԱՆ — Ձեզ չհարցրինք:
ՔՆԱՐ — Կուզե՞ք` երգեմ ձեզ համար:
ԿԻՐԱԿՈՍ — Դու լավ ես երգում, քուր ջան, բան չունեմ ասելու, բայց քոնը դասական ա, հիմա մեր սրտները մի տեսակ նեղված են, թող Օհանը երգի, նրանը թեթև ա:
ՄԱՐՏԻՐՈՍ — Իմ փոխարեն մի խոսիր, ես ուզում եմ` տիկին Քնարը երգի:
ԿԻՐԱԿՈՍ — Էլի՞ դու ինձ դեմ կանգնեցիր, Մարտիրոս, ասում եմ` թող Օհանը երգի:
ՄԱՐՏԻՐՈՍ — Կիրակոս, ես քեզ հարգում եմ, սակայն առաջնությունը տանք տիկնոջը: Դասականն է սնում մեր հոգիները:
ԿԻՐԱԿՈՍ — Պա՛հ, էլ ոնց կլներ… Ասում եմ` Օհանը, ու վերջ:
ՄԱՐՏԻՐՈՍԸ — Քնարը:
ԿԻՐԱԿՈՍ — Օհանը, Մարտիրոս:
ՄԱՐՏԻՐՈՍ — Քնարը, Կիրակոս:
ԿԻՐԱԿՈՍ — Կրակի հետ ես խաղում, Մարտիրոս:
ՕՀԱՆ — Պատվերով համերգ չի, տղերք, մի հատ հավաքեք ձեզ, հա՞: Քնարն է երգում, վերջ:
ՔՆԱՐ — Այդ էր պակաս` Քնարը երգի այս Կիրակոս կոչեցյալի համար, ոչ մի դեպքում:
ԿԻՐԱԿՈՍ — Պա՛հ… Հեչ էլ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Ուրեմն ես կերգեմ: (Երգում է:)
ԿԻՐԱԿՈՍ — (փակելով Մարտիրոսի բերանը): Սուս, ղռղռոցդ չլսեմ:
ՕՀԱՆ — Լավ, ես կերգեմ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Մեկ րոպե, այս բաժակն էլ խմենք` նոր:
ԿԻՐԱԿՈՍ — Ճիշտ ա: Սաղ ուրախ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Բարի տեսանք:
Խմում են: Օհանը վերցնում է կիթառը, երգում է, պարում են: Գալիս է Հարութը:
ՔՆԱՐ — Վայ, մեր տղան եկավ… Օհան…
ՕՀԱՆ — Այո, ե՛ս եմ Օհանը, ի՞նչ կա, տիկին: (Տեսնելով Հարութին:) Հարո՞ւթ… Այսօր շուտ ես ավարտել գործդ, տղա:
ՀԱՐՈՒԹ — Էդպես ստացվեց: Բարև ձեզ:
ՕՀԱՆ — Ծանոթացիր, մեր հյուրերն են, մեր ազիզ ընկերները` Մարտիրոսն է, գիտական կոմունիզմի նախկին դասախոս, Կիրակոսը` նախկին…
ԿԻՐԱԿՈՍ — Նախկին. էդքանը հերիք ա սկզբի համար:
ՔՆԱՐ — Սա էլ մեր որդին է, Հարութիկս:
ՀԱՐՈՒԹ — Ուրախ եմ: Էս ի՞նչ առիթով եք հավաքվել էսպես:
ՕՀԱՆ — Ինչ` ինչ… Իմ ծնունդն է:
ՀԱՐՈՒԹ — Հայրիկ, քո ծննդյան օրը միայն աստծուն է հայտնի:
ՕՀԱՆ — Դե, մի օր պետք է լիներ…
ՀԱՐՈՒԹ — Շնորհավորում եմ: Գոնե ասեիր` նվեր առնեի, դատարկ ձեռքով սիրուն չի:
ԿԻՐԱԿՈՍ — Հետո կառնես, ոչինչ, կորած տեղ չի: (Լցնելով բաժակները:) Էս արաղը քչություն ա անելու աչքիս… Խմե՞ս մի բաժակ` հորդ կենացը:
ՄԱՐՏԻՐՈՍ — Կխմի, անշուշտ:
ԿԻՐԱԿՈՍ — Էլի դու խառնվեցի՞ր… Կարող ա` չի խմում մարդը:
ՄԱՐՏԻՐՈՍ — Ինչո՞ւ չի խմի, ջահել, առողջ տղա է, կխմի:
ԿԻՐԱԿՈՍ — Թու, քու մարդ ասողի…
ՀԱՐՈՒԹ — Լվացվեմ` գամ: (Դուրս է գալիս:)
ՕՀԱՆ — Նա մինչև չլվացվի` օղի չի խմի:
ՔՆԱՐ — Շատ մաքրասեր է տղաս:
ԿԻՐԱԿՈՍ — Բայց մի տեսակ նամռոտ ա:
ՄԱՐՏԻՐՈՍ — Չէ… Անտրամադիր է երևի… Ով ամբողջ օրն աշխատի…
ՕՀԱՆ — Շինարարության վրա:
ՄԱՐՏԻՐՈՍ — Շինարարությա՞ն… Չէ, մեղք դնելու չի:
ԿԻՐԱԿՈՍ — Էլի դու ինձ հակառակվեցի՞ր… Էս տղեն իմ ինադու ա ծնվել: Երեկ մեկին ասում եմ` ոտս թոփալ ա, կանտուզյա ունեմ, պատերազմում մինի վրա պայթել եմ, մի քիչ օգնի: Էսի մեջ ա ընկել` ասում ա` պատերազմի անուն մի տուր, մի խաբի, սրբապղծություն ա: Բա սա մարդ ա՞:
ՄԱՐՏԻՐՈՍ — Ճիշտ եմ ասել, ազգային-ազատագրական պատերազմը սուրբ բան է, նրա շուրջ արկածախնդրություն չեմ ընդունում:
ԿԻՐԱԿՈՍ — Ի’, որ ասում եմ` քյալ ա…
ՄԱՐՏԻՐՈՍ — Այդ ե՞ս եմ խակ, կրկնիր մեկ անգամ էլ` եթե տղամարդ ես:
ԿԻՐԱԿՈՍ — Կարամ հարուր անգամ էլ կրկնեմ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Դե, կրկնիր:
ԿԻՐԱԿՈՍ — Հազար ասել եմ ու հազար էլ կասեմ, դու, Մարտիրոս…
ՀԱՐՈՒԹ — (գալով): Մի րոպե… Կներեք, բայց ձեր հարցերը դրսում լուծեք, հա՞: Էս խնջույքն էլ ավարտեք, մենք հիմա շատ կարևոր գործ ունենք:
ՄԱՐՏԻՐՈՍ — Չեմ հասկանում, մեզ տնից դո՞ւրս են հրավիրում:
ԿԻՐԱԿՈՍ — Որ ասում եմ` քյալ ե՞ս… Բա ի՞նչ են անում:
ՀԱՐՈՒԹ — Մի նեղացեք, ուրիշ անգամ կգաք, հիմա հարմար չի:
ԿԻՐԱԿՈՍ — Էլ էկող չկա, պը’րծ: Վայ, Օհան, Օհան…
ՕՀԱՆ — Սպասեք, մի րոպե…
ԿԻՐԱԿՈՍ — Էլ ի՞նչ մի րոպե:
ՄԱՐՏԻՐՈՍ — Կիրակոս, առաջ ընկիր:
ԿԻՐԱԿՈՍ — (Օհանին): Վիճակդ վիճակ չի, ախպեր: (Սեղանից օղու շիշը վերցնելով:) Էսի ձեզ պետք չի, էսի ամեն մարդու բան չի:
ՔՆԱՐ — Վերցրու, վերցրու: Կուզե՞ք, կերակուր էլ տամ:
ԿԻՐԱԿՈՍ — Շնորակալ ենք, կշտացանք:
ԻՍԿՈՒՀԻ — (գալով): Չէ-չէ մի, տորթ թխիր մի հատ էլ:
ՄԱՐՏԻՐՈՍ — Հիշեցի, այս կինը նման է բոցավառ հեղափոխական Շուշանիկ Կուրղինյանին, ճիշտ ինքն է, մեկը մեկին:
ԿԻՐԱԿՈՍ — Ջադուի ա նման: Արի, Մարտիրոս:
Կիրակոսը և Մարտիրոսը դուրս են գալիս:
ՕՀԱՆ — Հասանք, հասանք, հյուրերիս էլ տնից վռնդեցին… Ի՞նչ ամոթ, ի’նչ խայտառակություն…
ՔՆԱՐ — Սիրուն չեղավ մի տեսակ:
ՀԱՐՈՒԹ — Աստղիկն ո՞ւր է:
ԻՍԿՈՒՀԻ — Աչքս կպել էր… եկա, տեսնեմ` սրանք խմում են, նա չկա:
ՀԱՐՈՒԹ — Ես ձեզ խնդրեցի, չէ՞, ուշադիր եղեք, մենակ չթողնեք…
ՕՀԱՆ — Երեխա չի:
ՀԱՐՈՒԹ — Բայց հիվանդ է:
ՕՀԱՆ — Կարծես մենք առողջ ենք: Աստղիկ, հա` Աստղիկ… Մենք մարդ չենք ուրեմն, Աստղիկի խնամողներն ենք ընդամենը…
ՀԱՐՈՒԹ — Մի ասա բաներ, որոնց համար հետո փոշմանելու ես:
ՕՀԱՆ — Ոչ էլ փոշմանելու եմ: Չծխել, չխմել, հյուրեր չընդունել… Չէ, այսպես շարունակել այլևս անկարելի է: (Դուրս է գալիս:)
ՔՆԱՐ — Բայց ի՞նչ է եղել, երևի խանութ է գնացել, կգա:
ՀԱՐՈՒԹ — Չի գա: Ահա, նամակ է թողել:
ԻՍԿՈՒՀԻ — (վերցնում է, կարդում): «Հարութ, մի նեղացիր, բայց ես էլ չեմ կարող խաբել քեզ, ես մի չբեր, վարկաբեկված կին եմ, ես քեզ համար չեմ, դու լավն ես, քեզ ուրիշ կին է պետք: Մնաս բարով, երջանիկ եղիր»:
ՕՀԱՆ — (գալիս է կիթառը` ուսին, պարկը` ձեռքին): Ես գնացի: Դուք մնո՞ւմ եք, տիկին:
ՔՆԱՐ — Սպասիր, Օհան:
ԻՍԿՈՒՀԻ — Հապճեպ վճիռներ մի կայացրու:
ՕՀԱՆ — Հապճեպ չի, հասունացավ: (Հարութին.) Մարդկանց հետ գործ ունես, Հարութ տղա, ռոբոտներ չենք: Մնաք բարով: Տիկին Քնար, հիշիր` ով ինձ հետ չէ, ինձ դեմ է:
Օհանը դուրս է գալիս:
ՔՆԱՐ — Ամուսինս է` ինչքան չլինի… Կներեք… (Դուրս է գալիս:)
ԻՍԿՈՒՀԻ — (Հարութին): Նա էլ է գնում:
ՀԱՐՈՒԹ — Ինչ արած, զոռով պահել չեմ կարող:
ԻՍԿՈՒՀԻ — Բա ո՞նց ենք անելու:
ՀԱՐՈՒԹ — Չգիտեմ:
ՔՆԱՐ — (գալիս է` իրերով տոպրակը ձեռքին): Դե, մնաք բարով… Քո նվիրած կոստյումը թողել է, ես էլ իմ զգեստը թողեցի, մահճակալի վրա է:
ՀԱՐՈՒԹ — Ձերն են, տար:
ՔՆԱՐ — Չէ, թող մնա: (Մոտենում է, համբուրում Հարութին, ապա Իսկուհուն:) Ավել-պակաս` կներեք:
ՀԱՐՈՒԹ — (դադարից հետո): Դու մնո՞ւմ ես, տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Ես իմ թոռնիկին մենակ չեմ թողնի: Ու չվհատվես, կռիվ ենք տալու, որբերն այսքան շուտ չեն հանձնվում: Մի քիչ օղի ունեմ պահած, բերե՞մ` խմենք:
ՀԱՐՈՒԹ — Բեր:
Իսկուհին գնում` արագ վերադառնում է` տափաշիշը ձեռքին:
ՀԱՐՈՒԹ — (տեսնելով, որ Իսկուհին ուզում է բաժակ լցնել): Տուր, էդպես խմենք: (Խմում է, տալիս Իսկուհուն:)
ԻՍԿՈՒՀԻ — Գյուղում, ուրեմն… Խմեմ` ասեմ: (Խմում է:) Գյուղում հարևանս մի աղջիկ ունի, ոսկու կտոր, սիրուն, համեստ, եփող-թափող, հալալ կաթնակեր… Մի հատ էլ խմեմ` ասեմ: (Խմում է, տալիս Հարութին:) Մի ոտքը մի քիչ կաղ է, բայց դա հեչ, չի էլ զգացվում առանձնապես, Գարինչայի ոտքը չորս սանտիմ կարճ էր, բայց ի՜նչ ֆուտբոլիստ էր, ի՜նչ գոլեր էր խփում… Դե, դու Գարինչային չես հիշի:
ՀԱՐՈՒԹ — Չեմ հիշում, տատի: Բայց լսել եմ:
ԻՍԿՈՒՀԻ — Այո, այս Գարինչան, ուրեմն… Գարինչա՞ն… Ի՞նչ կապ ունի, որտեղի՞ց մեջ ընկավ… Չէ, Նազիկս, այո, Նազիկս, Նազիկս, ուրեմն, մի համեստ, հալալ կաթնակեր աղջիկ…
ՀԱՐՈՒԹ — Դա ասեցիր:
ԻՍԿՈՒՀԻ — Ասել ե՞մ… Հա, ասել եմ, հիշեցի: Հիմա գիտե՞ս` ինչ եմ մտածում:
ՀԱՐՈՒԹ — Չգիտեմ:
ԻՍԿՈՒՀԻ — Մտածում եմ, թող մի քանի օր անցնի, գնամ գյուղ, խոսկապ անեմ, գամ, կարող է` հենց ձեռը բռնած` բերեմ, ինձ հո չի՞ ասելու` չէ: Կարմրաթուշիկ, պինդ, առողջ աղջիկ է, քեզ համար լիքը սիրուն-սիրուն երեխաներ կբերի:
ՀԱՐՈՒԹ — Շնորհակալ եմ, տատի, պետք չի:
ԻՍԿՈՒՀԻ — Ինչո՞ւ, ոտքի համա՞ր… Հո դու էլ քաղքենի չե՞ս: Իսկի չի էլ զգացվում, այնպես, թեթևակի: Լավ, չես ուզում, ուրիշին կգտնեմ, գյուղը լիքը աղջիկ է: Ամեն դեպքում` քեզ գյուղի աղջիկ է պետք, Հարութ:
ՀԱՐՈՒԹ — Շնորհակալ եմ, տատի, բայց ես որ մեկին սիրեցի` էլ վերջ, բնավորություն է:
ԻՍԿՈՒՀԻ — Խեղճս, որբի բնավորություն է:
ՀԱՐՈՒԹ — Ինքն էլ որբ է, բա ինչո՞ւ այդպես չի:
ԻՍԿՈՒՀԻ — Գուցե հենց այդպես է… Իր խելքով` չի ուզում քեզ բեռ լինել, գիտե՞ս, ինչ-որ տեղ ազնիվ արարք է:
ՀԱՐՈՒԹ — Ազնիվ է, ազնիվ չի… Պարզապես չսիրեց ինձ Աստղիկը:
ԻՍԿՈՒՀԻ — Դե, ես էլ ասում եմ` գյուղից, մի հալալ…
ՀԱՐՈՒԹ — Կաթնակեր: Չէ, մոռացիր, տատի, վերջ:
ԻՍԿՈՒՀԻ — Ոնց կասես: Բայց էլի եմ ասում…
ՀԱՐՈՒԹ — Էլ մի ասա:
ԻՍԿՈՒՀԻ — Լավ: Բայց էս մեկն էլ ասեմ…
ՀԱՐՈՒԹ — Դա էլ մի ասա:
ԻՍԿՈՒՀԻ — Եղավ: Բերանս կարի` պրծնեմ:
ՀԱՐՈՒԹ — Տատի:
ԻՍԿՈՒՀԻ — Խոսիր:
ՀԱՐՈՒԹ — Սիգարետ չունե՞ս:
ԻՍԿՈՒՀԻ — Ես չեմ ծխում, մոռացա՞ր:
ՀԱՐՈՒԹ — Ճիշտ որ:
ԻՍԿՈՒՀԻ — Բայց դու թողել էիր, Հարութ տղա, մի սկսիր, աշխարհի վերջը չի:
ՀԱՐՈՒԹ — Է, տատ, տատ… Բեր մի-մի կում էլ խմենք` ցրվենք սենյակներով:
ԻՍԿՈՒՀԻ — (փակելով տափաշիշը): Չեմ տալիս, վերջ, ոչ մի խմել, մարշ` քնելու:
Տեսարան 7
Հարութը մենակ է սենյակում, ծխում է:
ՀԱՐՈՒԹ — (կանչում է): Տատի՞… Ո՞ւր ես, տատի, արի սուրճ խմենք… Չկա, երևի քնած է, հոգնում է խեղճը, ամբողջը մնաց իր ուսերին` ճաշ եփել, լվացք անել… Մնացինք երկուսով, ես ու Իսկուհի տատը: Դեռ երկու օր առաջ տունը լիքը մարդ էր, երգում էին, պարում, հյուր ընդունում… Հիմա ես ու տատն ենք, էլ ոչ ոք: (Կանչում է:) Տատի՛… (Գնում է Իսկուհու սենյակը, ետ գալիս:) Չկա: Տատին էլ չկա: Նա էլ լքեց ինձ: Ոչ ոք չի ուզում մնալ հետս, պարզվում է` բավականին տականքն ես, Հարութ տղա: Ի՞նչ արած, ինչ կամ` կամ: Պետք է զրոյից սկսել: Բայց արժի՞ որ… Գուցե ոչինչ սկսել պետք չի, թող իր ընթացքով գնա` ոնց գնում է, գուցե ճիշտ էր ասում Աստղիկը` ես ուտոպիստ-իդեալիստ եմ, այո, էդպես էլ կա, ի՞նչ եմ խելքիս գցել` ընտանիք, ընտանիք… Զոռով չի լինում… Երևի էգոիստ լինելն է ճիշտ, մեր ժամանակներում մարդս պետք է էգոիստ լինի, միայն ի՛ր մասին հոգա, բա չէ` ընտանիք… Կապրեմ ինձ համար, լիքը շոր-մոր կառնեմ, մեքենա, կգնամ` աշխարհը կպտտեմ… Բա ո՞նց… Թե չէ` ընտանիք… Ծիծաղելի է նույնիսկ… չեմ ունեցել` չեմ էլ ունենա, ու պետք էլ չի…
Գալիս է Օհանը, նրա ետևից` Քնարը:
ՕՀԱՆ — Մենք, բանը, էն…
ՔՆԱՐ — Բանալին մոռացանք:
ՕՀԱՆ — Հա, մոռացանք` հետներս վերցրինք… (Կիթառն իջեցնելով ուսից:) Այս գիտառն էլ ինքնաբերաբար տարա, շփոթեցի, կարծեցի` իմն է, ահա… Ո՞ւր է բանալին, տիկին Քնար, քո պայուսակում էր կարծեմ:
ՔՆԱՐ — (հանկարծ գրկում է Հարութին): Տղաս, խեղճս… Ո՞նց ես:
ՀԱՐՈՒԹ — Ոչինչ, ապրում եմ… Ուզում էի սուրճ եփել…
ՕՀԱՆ — Ծխո՞ւմ ես… ախր, թողել էիր… (Հանկարծ գրկում է Հարութին:) Դե չէ, էլի, Հարութ, չէ… էդպես չի կարելի, ախր, շատ խիստ կարգ ես սահմանել… մենք էլ մարդ ենք ախր… Հասկացիր` մարդ կա, որ…
ՀԱՐՈՒԹ — Ազատատենչ է:
ՕՀԱՆ — Այո, մի ծաղրիր:
ՀԱՐՈՒԹ — Չեմ ծաղրում:
ՕՀԱՆ — Ապրես: Մարդիկ կան, որ խմում են… Այ, ասենք, պապս:
ՀԱՐՈՒԹ — Դու պապ ես ունեցե՞լ:
ՕՀԱՆ — Ճիշտ որ, մոռացա, ինձ պապ որտեղի՞ց: Բայց ամեն դեպքում, հիպոթետիկ, էլի, ահա այդ հիպոթետիկ պապս ասում էր` կուզիկին գերեզմանը կփրկի: Դե, գոնե երեկոները, ընդդեմ թախիծի, մի երկու բաժակ, երեք…
ՀԱՐՈՒԹ — Խմիր, որքան սիրտդ ուզում է, էլ չեմ խոսելու, հայրիկ:
ՔՆԱՐ — Չէ, այդպես էլ լավ չի, գոնե մի քիչ կոնտրոլ պետք է, թե չէ ձեռից կգնա:
ՕՀԱՆ — Այո, մի քիչ վերահսկողությունը չի խանգարի, տղաս, բայց` չափի մեջ: Մի ծխիր, Հարութ, մի ծխիր, առողջությունդ պահպանիր, դեռ ահագին կռիվ ունենք էս կյանքում:
ՀԱՐՈՒԹ — (հանգցնելով սիգարետը): Ոնց կասես: Սուրճ չխմե՞նք:
ՔՆԱՐ — Կարելի է, ես էլ դեռ չեմ խմել:
ՀԱՐՈՒԹ — Չե՞ս եփի, մայրիկ, դու համեղ ես եփում:
ՔՆԱՐ — Կեփեմ, տղաս:
ՕՀԱՆ — Կեփի, իհարկե:
Քնարը գնում է խոհանոց:
ՀԱՐՈՒԹ — Իսկ դու ավելի թունդ մի բան չե՞ս խմի, հայր:
ՕՀԱՆ — Չէ, լույսը նոր է բացվել… Մնա երեկոյան, հա՞…
ՀԱՐՈՒԹ — Երբ ուզես, սառնարանում է: Կուզե՞ս` գնամ ընկերներիցդ ներողություն խնդրեմ:
ՕՀԱՆ — Պետք չի, տղաս, մոռանանք: Աստղիկը չեկա՞վ:
ՀԱՐՈՒԹ — Չէ: Տատին էլ գնաց, առավոտյան նայեմ` չկա:
ՕՀԱՆ — Իսկուհի՞ն… Ինչ ես ասում… Իսկուհուց չէի սպասի: Լսիր, բայց իր սիրած շալն էստեղ է… (Բազմոցի անկյունից վերցնում է շալը:) Առանց էս շալի գնացողը չէր:
ՀԱՐՈՒԹ — Ճիշտ որ: Ես էլ եմ ասում` տատին ինձ չէր լքի: Կարող ա՞ գյուղ գնաց… Հիմա էն հալալ կաթնակեր կաղ աղջկա ձեռքից բռնած` չբերի՞ հանկարծ…
ՕՀԱՆ — Ի՞նչ կաթնակեր, ի՞նչ կաղ, ինչե՞ր ես խոսում, Հարութ:
ՔՆԱՐ — (սուրճը բերելով): Համեցեք: Իսկուհի՞ն ուր է, քնա՞ծ է:
ՕՀԱՆ — Գնացել է ինչ-որ կաղ կաթնակերի ետևից:
ՔՆԱՐ — Ի՞նչ:
Ներս է գալիս Իսկուհին, ետևից` Աստղիկը:
ՕՀԱՆ — Ահա, բերեց… Բայց սա կաղ չի ոնց որ… Մի քանի քայլ քայլի, հա՞, աղջիկ ջան…
ՔՆԱՐ — Աստղիկն է:
ՕՀԱՆ — Ճիշտ որ… Ոնց է հյուծվել երեխան, չճանաչեցի:
ԻՍԿՈՒՀԻ — Բարի լույս, փախստականներ, ինչ լավ եք արել, որ վերադարձել եք: (Կմճտելով Օհանի թուշը:) Ապրես: Ահա, մեր Աստղիկն էլ վերադարձավ:
ԱՍՏՂԻԿ — Բարի առավոտ:
ՀԱՐՈՒԹ — Բարև, Աստղիկ:
ՔՆԱՐ — Ո՞նց ես, աղջիկ ջան:
ԻՍԿՈՒՀԻ — Լավ է, հիմա լավ է: Ասում է` տատի, ուզում էի ինքնասպան լինել… Էս հիմարիկը, բա՞… Տատին մատաղ լինի քեզ: (Հրում է Հարութի կողմը:)
ԱՍՏՂԻԿ — Ո՞նց ես, Հարութ: (Հարութը գրկում է նրան:) Կներես, հա՞, խոզի պես պահեցի ինձ:
ՀԱՐՈՒԹ — Պատահում է, ոչինչ:
ՔՆԱՐ — Տատի, բա ո՞նց գտար երեխային:
ՕՀԱՆ — Իսկուհուն է՞լ կասեն` ոնց…
ԻՍԿՈՒՀԻ — Հեռու էի փնտրում` մոտիկ գտա. էս մեր դիմացի սրճարանի մոտով գալիս էի տուն, արդեն հուսահատվել էի, մեկ էլ ոնց որ սիրտս վկայեր, ոնց որ մեկն ասեր` մտիր սրճարան, Իսկուհի: Մտա, տեսնեմ` նստած է պատի տակ, ծխում է…
ԱՍՏՂԻԿ — Մտավ, ասեց` վեր կաց, աղջիկ, շուտ… Չթողեց` սուրճս էլ խմեմ:
ՔՆԱՐ — Ահա սուրճը, խմիր, աղջիկս:
ԱՍՏՂԻԿ — Շնորհակալ եմ, մայրիկ:
ՀԱՐՈՒԹ — Սուրճը չթողնե՞նք հետո… Հիմա եկեք նախաճաշենք, բոլորս էլ քաղցած ենք:
ԻՍԿՈՒՀԻ — Թոռանս ախորժակը բացվեց, երկու օր բան չի կերել խեղճը, ծխում է ու ծխում:
ՕՀԱՆ — Քնարս հիմա տասը ձվից ձվածեղ կսարքի… Լավ է սարքում, օ՜, մատներդ հետը կուտես:
ՀԱՐՈՒԹ — Չլվացվե՞նք:
ՕՀԱՆ — Լվացվե՞նք որ… Մենք կարծես թե լվացվել ենք առավոտյան, չէ՞, տիկին Քնար:
ԻՍԿՈՒՀԻ — Էլ չխորամանկես, սատանա, մա՛րշ` լվացվելու:
Տեսարան 8
Բոլորը` բացի Հարութից: Սեղանին տորթ է դրված:
ՕՀԱՆ — Այս տորթը շատ ախորժելի տեսք ունի… Տեսնես համը համապատասխանո՞ւմ է տեսքին: (Մատով կրեմ է թռցնում:)
ՔՆԱՐ — Համբերիր, անկուշտ:
ԻՍԿՈՒՀԻ — Տեսքից գցում ես, սատանա:
ՕՀԱՆ — Դե լավ, հա, մի պստիկ բան վերցրի: Ինչ եղավ, է՜, էս Հարութը: Ասեց` շուտ կգամ, բա ո՞ւր է:
ՔՆԱՐ — Ասեց` տորթը կտրեք: Չես կտրի՞, Օհան:
ԻՍԿՈՒՀԻ — Գառը գայլին պահապա՞ն ես տալիս, ես կկտրեմ: (Սկսում է կտրել:)
ՔՆԱՐ — Հարցրի` ի՞նչ առիթ է, տղաս, ասեց` անակնկալ է, համբերեք` կիմանաք:
ՕՀԱՆ — Իսկուհի, կա-չկա` քո ծննդյան օրն է:
ԻՍԿՈՒՀԻ — Է՜…
ՕՀԱՆ — Հասկացա: Աստղի՞կ…
ԱՍՏՂԻԿ — Ոչ, իմը մայիսին է:
ՔՆԱՐ — Բա քեզ էլ չի ասե՞լ:
ԱՍՏՂԻԿ — Չէ, ինչքան հարցրի` չասեց:
ՔՆԱՐ — Գուցե ի՞ր ծննդյան օրն է:
ՕՀԱՆ — Չեմ կարծում, մեր տղան համեստ է, սեփական առիթով այսպիսի աժիոտաժ չէր ստեղծի:
ԻՍԿՈՒՀԻ — Ահա, կտրեցի:
ՕՀԱՆ — Տուր դանակը լիզեմ, էլի:
ԻՍԿՈՒՀԻ — Լեզուդ կկտրես, տղա: (Ինքն է լիզում դանակը:)
ՕՀԱՆ — Կռահեցի, պապի է բերելու, պապի չունենք: Աչքդ լույս, Իսկուհի:
ԻՍԿՈՒՀԻ — Բերանդ խերով բաց, սատանա, միայն դա էր պակաս:
ՕՀԱՆ — Ինչո՞ւ, մի լավ բիձուկ բերի` էսպես ճերմակ մորուքով, ձմեռ պապի պես կարմրաթուշիկ, թմբլիկ… Մի անգամ ինձ ասեց, ասեց` էս մեր տատի մեջ դեռ ահագին անմար կրակ կա, մի պնդուկ պապի ճարենք, լավ կլինի… Հա, իմ արև, համ էլ ասեց… Ահա, դռան ձայնն էր ոնց որ, եկան:
ՀԱՐՈՒԹ — (ներս գալով` կանչում է): Արի, Նորայր, մի ամաչիր:
ՕՀԱՆ — Այս էլ` պապին:
Անհամարձակ ներս է գալիս Նորայրը:
ՀԱՐՈՒԹ — Համարձակ արի, տղաս, քո տունն է: (Ներկաներին.) Նորայրն է:
ՔՆԱՐ — Որբ է…
ՀԱՐՈՒԹ — Դեռ երեկ` այո, իսկ այսօր` արդեն ոչ… Այսօրվանից մեծ ընտանիք ունի Նորիկը` հայր, մայր, պապ, տատ և նույնիսկ` մեծ տատ:
ՆՈՐԱՅՐ — Բարև ձեզ: (Գնում, կանգնում է Աստղիկի կողքին:)
ԻՍԿՈՒՀԻ — Ինչ անուշ մանչ է:
ՀԱՐՈՒԹ — Այսօր մեր Նորիկի ծննդյան օրն է:
ԻՍԿՈՒՀԻ — Բացիր շամպայնը, Օհան:
ՕՀԱՆ — Անմիջապես, անմիջապես…
Օհանը բացում է շամպայնը:
Երգում են` «Քո ծնունդն է այսօր…»:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started