Արվեստը որպես ազատության արտահայտելու միջոց

Արվեստը իրականության ճանաչման և արտացոլման միջոց է, գեղագիտական և գեղարվեստական գործունեության ձևերից մեկը, ինչպես մեկ մարդու, այնպես էլ ողջ մարդկության հոգևոր մշակույթի մի մասը: Հնում արվեստը համարվել է և՛ նմանակում՝ բնությանը և մարդուն, և՛ խաղ, որտեղ ամեն ինչ պայմանական է, և՛ մարդկանց կրթող, հոգեպես մաքրող գործիք, և՛ զբաղմունք։
Արվեստը մարդու հոգևոր որոնումների ամենավաղ առաջացած ձևերից է։ Դեռևս նախնադարյան հասարակության մարդը փորձել է արտահայտել իր հոգում աստիճանաբար ավելի ու ավելի նրբացող գեղեցկությունը։ Նա զգացել է բնության անսահման կատարելությունը և փորձել իրեն հասանելի ձևերով պահպանել այն. կերտել է մայրությունը խորհրդանշող արձանիկներ, քարանձավների պատերին նկարել է կենդանիների, մարդկանց պատկերներ, երգ է հորինել ու պարել է։
Մարդն արվեստում հանդես է գալիս որպես արարիչ Արարիչից հետո, քանի որ ձեռք է բերում մեծ ազատություն՝ ստեղծելու մի նոր, թեկուզ և պայմանական իրականություն, որտեղ իրականացած է տեսնում իր ձգտումները, հույզերն ու նախապատվությունները։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started